AM
28 Նոյեմբեր 2012 - 05:39 AMT

«Ժողովուրդ». Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը որևէ մեկին օգնության համար չի դիմել

Երեկ «Ժողովուրդ»–ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեծ գումար է փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան։ ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակը թերթի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։

Այս հրապարակումից հետո թերթի խմբագրություն է զանգել Ֆլորա Մարտիրոսյանի մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանը, ով ասել է, որ երգչուհու ընտանիքը նման հարցով որևէ մեկին չի դիմել. «Ֆ. Մարտիրոսյանի ընտանիքի կորուստն այնքան մեծ է, որ նույնիսկ չեն կարող որևէ նմանատիպ հարցով զբաղվել։ Ընտանիքը որևէ մեկին նման խնդրանքով չի դիմել։ Սովորաբար երբ որևէ դժբախտ դեպք է պատահում, մարդիկ համախմբվում են, և յուրաքանչյուրն իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնում՝դա կլինի հոգու խոսքով թե գումարով։ Ֆ. Մարտիրոսյանի մահը ոչ միայն իր անմիջական հարազատների, ընկերների, այլև ողջ հայ ժողովրդի, համաշխարհային մակարդակի բազմաթիվ արվեստագետների համար էր մեծ կորուստ։ Եվ, բնականաբար, այս օրերին շատերն են ցանկացել որևէ կերպ աջակցել ընտանիքին։ Ընդ որում, երգչուհու համերգային ծրագրերին իր կենդանության օրոք էլ մշտապես աջակցել են թե՛ Գ. Ծառուկյանը և նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, թե՛ «Գրանդ» հոլդինգի նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը, թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բազմաթիվ այլ գործարարներ, քաղաքական գործիչներ ու անհատ քաղաքացիներ ՀՀ-ից և արտերկրից։

Պետք չէ քաղաքականացնել հարցը, սա այդ դեպքը չէ։ Այժմ ես չեմ ցանկանում մանրամասնել՝ ովքեր և ինչպես են իրենց կարեկցանքն արտահայտել։ Կգա ժամանակը, հուղարկավորությունից հետո մենք մեր շնորհակալությունը կհայտնենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին երգչուհու ընտանիքի կողքին են եղել»,-Մարիա Ղուկասյանի խոսքերն է մեջբերել օրաթերթը։