Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այսօր ժամը 17.00-ին Մանկական զարգացման հիմնադրամը «Ես ուզում եմ հավատալ անսպասելիին» խորագրով միջոցառում է կազմակերպելու: Միջոցառման նպատակը հասարակությանն ու իշխանության ներկայացուցիչներին հատուկ կարիք ունեցող երեխաների խնդիրների ու ձեռքբերումների մասին իրազեկելն է, ինչպես նաև այս երեխաների իրավունքների մասին բարձրաձայնելը: Միջոցառման հյուրերը Մանկական զարգացման հիմնադրամում գործող երեխաների թատրոնի նոր բեմադրությունը դիտելու հնարավորություն կունենան:
Միջոցառմանը հրավիրվել են ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ՀՀ ԱՍՀՆ կանանց, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, Հայաստանում գործող հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և արվեստագետներ:
Նշենք, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն ընդունվել է 1992 թ-ին։
Օրվա գլխավոր նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին:





