AM
3 Դեկտեմբեր 2012 - 12:56 AMT

Ժդանովկայում ավտովթարի պատասխանատուն Բալասանյանի վարորդը չէ. Զոհրապ Եգանյանը հերքում է

Վրաստանի Ժդանովկա գյուղում տեղի ունեցած ավտովթարի համար մեղադրվող Զորիկ Պետրոսյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի վարորդը չէ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: «Բալասանյանի վարորդը արդեն 10 տարուց ավելի նույն մարդն է, նրա անունը Գարիկ է»,- ասաց նա:

Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net-ին հայտնել էին Վրաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, ավտովթարի ժամանակ ղեկին Զորիկ Պետրոսյանն է եղել, ով Հայաստանի քաղաքացի է, Գյումրու բնակիչ և ժամանակավոր բնակություն է հաստատել Վրաստանում:

Հիշեցնենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն՝ երեկ ուշ երեկոյան Սամվել Բալասանյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Ժդանովկա գյուղում վրաերթի է ենթարկել գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանին, ով տեղում մահացել է: Ըստ նույն լուրերի՝ մեքենայի ղեկին հենց Սամվել Բալասանյանն էր, ով դեպքի պահին սթափ վիճակում չի եղել, հարվածից հետո կորցրել է ինքնատիրապետումը և, չկարողանալով ժամանակին արգելակել մեքենան, կնոջը մոտ 100 մետր քարշ է տվել: Բալասանյանը դուրս է եկել մեքենայից, նստել է ուղեկցող մեքենաներից մեկը:

Ավելացնենք, որ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ժդանովկա գյուղում մահացու վրաերթի հետ Սամվել Բալասանյանի անունը կապող լուրերը որակեց որպես լկտի սուտ և հերքեց դրանք: