Փակ շուկային հարակից Պարոնյան 4 ա շենքի բնակիչները բաց նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ սարգսյանին: Նամակում , մասնավորապես, ասվում է. «Գրեթե երկու տարի է ինքնակամ` առանց համապատասխան իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի, շինարարություն Ծածկած Շուկայի տարածքում։ Ոչնչացվում է պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանը, ոտնահարվում են հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Այս մասին բազմիցս տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանը, սակայն ոչ մի միջոցառում չի իրականցրել աշխատանքները կանխելու և խնդիրն իրավական դաշտ բերելու ուղղությամբ: Աշխատանքների համար հիմք է հանդիսանում շրջանառության մեջ գտնվող էսքիզային նախագիծը։
Կառուցապատողը և քաղաքապետարանի ներկայացուցիչները բազմիցս հավաստիացրել են, որ շենքի ծավալատարածական լուծումները պետք է պահպանվեն, հուշարձանի գոնե արտաքին տեսքը չպետք է խախտվի, շրջակա բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների վիճակը էլ ավելի չպետք է վատթարանա, սակայն ներկայումս արագ տեմպերով կառուցվում են շենքի նորանոր հարկեր և կառուցապատողը սկսել է վերին հարկի ծածկի իրականացման աշխատանքները՝ դուրս գալով գոյություն ունեցող հուշարձան շենքի ծավալային չափերից: Հակառակ բնակիչների շահերի և պետական շահագրգիռ մարմինների տեսակետների և արգելքների, շենքի արտաքին ծավալներից դուրս պատրաստվում է կառուցվել լրացուցիչ հարկ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչերի պատուհանների դիմաց, վատթարացնելով բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, խախտելով քաղաքաշինական նորմերը և վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:
Փաստորեն քաղաքի կենտրոնում բոլորի աչքի առաջ, բազմաթիվ գրավոր նախազգուշացումներից հետո, ինքնակամ քանդվում և խեղաթյուրվում է հուշարձան շենքը, խախտվում են բնակիչների արդարացի իրավունքները, իսկ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս իրենց պարտականությունները կատարելու համար: Միթե Հայաստանում գոյություն չունի օրենք, իսկ թողտվությունը սահմաններ չունի:
Վերջին հույսը Դուք եք և եթե շտապ չարձագանքեք, արդեն ուշ կլինի, քանի որ շինարարությունը, չնայած որ ինքնակամ է, ընթանում է շատ արագ տեմպերով և չի բացառվում, որ մեկ երկու օրից մեկ կամ մի քանի հարկեր կառուցվեն և բոլորիս փաստի առաջ կանգնեցնեն»:





