Երեքշաբթի օրը Իրաքի իշխանությունները թույլ չեն տվել Թուրքիայի էներգետիկայի նախարարին այցելել Իրաքյան Քրդստան, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրք նախարար Թաներ Իլդիզը Ստամբուլից պետք է ուղևորվեր Իրաքի հյուսիսում տեղակայված Էրբիլ քաղաքը` նավթի և գազի վերաբերյալ կոնֆերանսին մասնակցելու: Օդանավակայանից թռչելուց առաջ հայտնի է դարձել, որ պաշտոնական Բաղդադը չի թույլատրել թռիչքը Հյուսիսային Իրաք, հաղորդում է NTV-ն:
Թուրքական ԶԼՄ-ները չեն հերքում, որ պատճառը Անկարայի և Բաղդադի լարված հարաբերություններն են:
Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունները սկսել են բարդանալ Սիրիայում ճգնաժամի սկսվելուց հետո, երբ Թուրքիան կանգնեց ընդդիմության կողմքին` վերջինիս օգնելով Ասադի ռեժիմը պաշտոնանկ անելու հարցում:





