Նոյեմբերի 1-ի իր համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից` բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից դիմումների և հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթացը փակուղի է մտել: Պատճառն այն է, որ հարազատները բողոք-դիմումներ չեն ներկայացնում ՀԱԿ-ին: Ըստ երևույթին, զոհված զինծառայողների հարազատներն այլևս ոչ ոքի չեն վստահում:
Ու քանի որ փաստաթղթերի հավաքագրմամբ և բողոքների ուսումնասիրությամբ զբաղվելու է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Թերթը փորձեց հասկանալ, թե, ի վերջո, ինչ եղավ ՀԱԿ-ի կողմից հանձնաժողով ստեղծելու գործընթացը, և առհասարակ, արդյոք շարունակվում է այն: «Բավարար դիմումներ չեն հավաքվել, սպասում ենք: Մարդիկ այնքան են հիասթափվել, որ հույս չունեն` ինչ-որ բան տեղից կշարժվի: Եվ իրենք իրավունք ունեն այդպես մտածելու»,- նշել է Լյուդմիլա Սարգսյանը:





