AM
5 Դեկտեմբեր 2012 - 12:17 AMT

Օմբուդսմենն առաջարկում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21

2012 թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ` պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ: Հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստել է մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը փոխանցվել է վերոնշյալ խորհրդարանական մշտական հանձնաժողովներին, ինչպես նաև այս հարցերով լսումների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերած ԱԺ մի շարք պատգամավորների:

Նախագծով առաջարկվում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21, անչափահաս դատապարտյալների և ազատազրկման դատապարտված այլ անձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի որոշումները յուրաքանչյուր դեպքում լինեն պատճառաբանված, ինչպես նաև վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: