Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսնընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաքելությանը և Հայաստանի ու հանձնաժողովի համագործակցության հեռանկարներին: Վեհափառ Հայրապետն այս առիթով գոհունակություն հայտնեց` ընդգծելով ժողովուրդների և երկրների միջև բարեկամական կապերի ու գործակցության պահպանության ու զարգացման կարևորությունը ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վ. Խրիստենկոն խոսեցին նաև հայ-ռուսական, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց, որ երկու ժողովուրդների բարեկամության ձևավորման ակունքներում Հայ Եկեղեցին է կանգնած: Անդրադառնալով Խրիստենկոյի` Ռուս Եկեղեցուն մատուցած ծառայություններին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նրա նվիրումն ու հավատավոր ոգին ` մաղթելով Աստծու զորակցությունն իր գործունեության մեջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:





