AM
11 Դեկտեմբեր 2012 - 10:53 AMT

Ուգո Չավեսին մի քանի ամսվա կյանք է մնացել, պնդում է վենեսուելցի բժիշկը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որի օրգանիզմում չարորակ բջիջներ են կրկին հայտնաբերվել, մի քանի ամսվա կյանք ունի, ողբերգական վախճանը կարող է լինել արդեն 2013թ. ապրիլին, հայտարարել է կոլումբիական RCN ռադիոյին ԱՄՆ-ում բնակվող վենեսուելցի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան:

Բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան հայտնի է Վենեսուելայի նախագահի առողջության վերաբերյալ կանխատեսումներով՝ նա կապեր ունի ինչպես Հավանայի, այնպես էլ Կարակասի բժիշկների հետ, որոնք բուժում են Չավեսին: «Նախագահին 2-3 ամսվա կյանք է մնացել, ցավոք, դա կարող է տեղի ունենալ ապրիլին»,-մեջբերում է Մարկինային «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մարկինան Չավեսի շտապ մեկնումը Հավանա բացատրում է բարդություններով: «Հիվանդությունը կրկին սրվել է, մետաստազներ են հայտնվել գոտկատեղի շրջանում, սեղմվում է ողնաշարի գոտկային մասի նյարդը, որի արդյունքում կարող է պարալիչ լինել»,-ասել է բժիշկը: Նա հավելել է, որ բուն վիրահատության ժամանակ Չավեսին դժվար թե ինչ-որ վտանգ սպառնա, սակայն հաջորդ 72 ժամում կարող են լուրջ բարդություններ առաջանալ:

Չավեսը հայտնել է իր հետնորդի անունը, եթե իր հետ ինչ-որ բան պատահի՝ վստահություն հայտնելով, որ վիրահատությունն ու բուժումը հաջող ընթացք կունենան: Հետնորդ է հայտարարվել փոխնախագահ, Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Նիկոլաս Մադուրոն: