AM
11 Դեկտեմբեր 2012 - 13:00 AMT

ՆԱՏՕ-ում քննարկել են ճգնաժամերի կառավարման ոլորտում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հարցերը

Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ժամանեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գործողությունների ստորաբաժանման ղեկավար, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, դեսպան Սթիվեն Էվանսի հետ: Հանդիպմանը մասնակցեց ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների պլանավորման, ճգնաժամերի կառավարման ոլորտներում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության հարցերը, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված արտակարգ իրավիճակների պլանավորման և ճգնաժամերի կառավարման ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նախարար Երիցյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները և ապագա ծրագրերը:

Նույն օրը կայացավ «Դաշնակիցներ+Հայաստան+Գործընկերներ» ձևաչափով նիստը, որն իր բնույթով առաջին այս կարգի միջոցառումն էր` նախաձեռնված և կազմակերպված Հայաստանի Հանրապետության կողմից: Նիստին մասնակցեցին Դաշինքի անդամ և Գործընկեր պետությունների շուրջ 40 ներկայացուցիչներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը հանդես եկավ զեկույցով` ներկայացնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը և ՀՀ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկույցի ավարտից հետո ներկաներին ցուցադրվեց կարճատև տեսահոլովակ` նվիրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը: