PanARMENIAN.Net-ի խմբագրությունը նամակ է ստացել Անահիտ Չտրկյանից, որի որդին` Աշոտ Չտրկյանը մեղադարվում է 38-299 հոդվածի դրույթներով` պետական դավաճանությանը օժանդակելու համար և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նամակը ներկայացվում է ամբողջությամբ. «2011թ.հուլիսի 23-ին ԱԱԾ աշխատակիցները /թվով 8 մարդ/ ներխուժեցին մեր տուն`որդուս ձեռքերը շղթաներ հագցրած:Մեր տունը խուզարկեցին և ոչինչ չգտան: Ե՛վ որդիս, և՛ մենք չգիտեինք, թե ինչու էին խուզարկում մեր տունը: Այն հարցին, թե ուր է համակարգիչը, որը գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանն օգտագործել է, որդիս, քանի որ ոչնչից տեղյակ չէր, պատասխանեց, որ տան խուզարկությունը թող ավարտեն, հետո կտանի քեռու տուն և համակարգիչը կհանձնի նրանց: Քեռու տունը մեր տանից հեռու չէ: Խուզարկությունից հետո որդիս ուղեկցեց նրանց քեռու տուն:
Մեկ օր առաջ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը որդուցս համակարգիչ էր խնդրել, որպեսզի սկայպով խոսի Վանաձորում գտնվող կնոջ հետ, որովհետև տարաձայնություններ ուներ: Քանի որ մեր նոթբուքը տանը չէր, որդիս Կարենին ուղեկցում է քեռու տուն, և Կարենը խնդրում է առանձին թողնել իրեն: Ինչ իմանար որդիս, որ ԱԱԾ քննիչ Ա.Թևանյանը և Կարեն Մեհրաբյանը որդուս գլխին սարքել են և ինչ-որ տեղեկություններ են հաղորդել համակարգչով: Այդ սքան արած թղթերը ԱԱԾ քննիչ Ա.Թևանյանն էր տվել Կարենին և ոչ մի գաղտնի տեղեկություն չէին պարունակում: Ինչ իմանար որդիս. 1.Եթե որդիս իմանար,որ Կարեն Մեհրաբյանը ինչ-որ բան է հաղորդել համակարգչով, ապա ինչու պետք է ԱԱԾ աշխատակիցներին համակարգչի տեղը ցույց տար:
2.ԱԱԾ աշխատակիցները առգրավման թուղթ չունեին, բայց որդիս առանց առգրավման թղթի,իր ձեռքով հանձնել է համակարգիչը:
3.Քեռու տանը մեկի փոխարեն երեք համակարգիչ կար. որդիս կարող էր մյուս համակարգիչը հանձնել,եթե իմանար այդ մասին:
4.Որդիս ծրագրավորող է: Եթե իմանար, որ Կարենը գաղտնի տեղեկություններ է հաղորդել, ապա սխեման համակարգչի մեջից կհաներ կամ համակարգիչը կվերացներ:
Այս ամենը ապացույց են այն բանի, որ որդիս տեղեկություն չի ունեցել գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանի գործունեությունից:
Մյուս մեղադրանքն այն է, իբր որդիս Թուրքիայից 300 դոլար է ուղարկել Կարեն Մեհրաբյանին` Հայաստան: Որդուս դատապաշտպան Հարություն Բաղդասարյանի հրավիրած վկան` Հովհաննեսը, առաջին ատյանի դատարանում հայտարարեց, որ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը իրեն է զանգել և խնդրել, որ Տիգրանից 300 դոլար վերցնի և փոխանցի Հայաստան` Կարեն Մեհրաբյանին: Հովհաննեսը, քանի որ օրը կիրակի էր և չգիտեր, թե որտեղից կարելի է ուղարկել, հանդիպում է որդուս`Աշոտին, և որդիս ցույց է տալիս տեղը, թե ում միջոցով կարելի է ուղարկել: Որդուս`Աշոտի ձեռքը այդ գումարին չի դիպել անգամ: Հաջորդ օրը որդիս զանգում է Կարենին և հարցնում.«Կարեն, այդ ի՞նչ փող ես ուզել Հովհաննեսից», և Կարենն անպատասխան է թողնում հարցը: Միթե քննիչ Ա.Թևանյանը և ծախու դատախազ Ա.Ամիրզադյանը սա չհասկացան…Որդիս այդ գումարի հետ գործ չի ունեցել: Քրեական գործում պարզ երևում է, որ Կարեն Մեհրաբյանը Հովհաննեսից է ուզել 300 դոլարը: Հարց է ծագում, թե ԱԱԾ քննիչ Ա.Թևանյանն ինչու՞ է այդքան մակերեսային գործ վարել: Ինչու՞ չի հարցաքննել Հովհաննեսին: Բա ի՞նչ բարդեր Աշոտի վրա: Եվ սա կոչվում է օժանդակություն և այս պատճառով որդուս 10 տարվա ազատազրկման են ենթարկել: Ե՛վ առաջին ատյանի դատարանում ,և՛ վերաքննիչ դատարանում գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը բազմիցս շեշտել ու կրկնել է շարունակ, որ Աշոտը իր գործունեությունից տեղյակ չի եղել, որ գաղտնի է գործել Աշոտից: Կարեն Մեհրաբյանը տալիս է 12 իրական մեղավորների անունները /դատախազ,գնդապետ,փոխգնդապետ և ուրիշներ/, նրանք մեզնից լավ գիտեն: Բայց նրանք ազատության մեջ են,իսկ մեղադրյալի աթոռին նստած են 5 անմեղ երիտասարդներ: Ո՞ւմ պատվերն են կատարում: Ինչ՞ու են բանտերը լցնում անմեղ երիտասարդներով: Ինչու՞ պետք է քանակ ապահովելու համար անմեղ մարդիկ պատասխան տան ուրիշների փոխարեն:
Այս քրեական գործը լի է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Որդուս փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է 20-ից ավելի խախտումներ ու աղավաղումներ , բայց ո՞վ է բանի տեղ դնում .բոլորը վախենում են իրենց աթոռներից, պաշտոնները կորցնելուց:
Քննիչ Ա.Թևանյանը և ծախու դատախազ Ա.Ամիրզադյանը,տեսնելով, որ որդուս դեմ ոչ մի ապացույց կամ փաստ չունեն, քրեական գործից հանել են բոլոր հեռախոսային խոսակցությունները, որոնք ապացուցում են որդուս անմեղությունը և դրա փոխարեն վերցրել են նախադասություններ, կտրել են առաջին և վերջին մասերը և ստեղծել իրենց ձեռնտու նախադասություններ: Սա նույնպես մարդու իրավունքի կոպիտ խախտում է և այդպես իրենց սուտը առաջ են տանում:
ԱԱԾ քննիչ Ա.Թևանյանը, տեսնելով, որ որդուս դեմ ոչ փաստ կա, ոչ ապացույց, ասել է.«Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ, որ գնացել ես Թուրքիա՝ աշխատելուե:Այդ դեպքում ինչու չի դատում հայ ազգի 50 %-ին:
Ես մայր եմ և 30-ից ավել տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել եմ բազմաթիվ սաների, մի՞թե այդ ոճրագործները`քննիչ Ա.Թևանյանը, դատախազ Ա.Ամիրզադյանը, դատավորներ Մ.Մարտիրոսյանը և Ա.Դանիելյանը մայրեր չունեն, խիղճ չունեն, որ մեղադրում են անմեղ մարդուն: Ես միամիտ մայր եմ ,որ շարունակ նամակներ եմ գրում «ամեն ինչից անտեղյակե պարոն Սերժ Սարգսյանին, պարոն Աղվան Հովսեփյանին` օգնություն խնդրելով, արդարության սպասելով: Ես ուզում եմ բղավել,որպեսզի լսեն բոլորը. Որդիս անմեղ է ,անօրեննե՛ր:
Դատավարությունների ընթացքում, որդիս, տեսնելով, որ անհիմն են մեղադրում իրեն, ստի դետեկտոր է պահանջել, բայց մերժել են`ասելով, որ մասնագետ չունեն:
Որդիս Նոր կտակարանն է պահել ծախու դատախազ Ա.Ամիրզադյանի դեմքին, որ նայի խաչին, սուտ չխոսի: Որդիս հացադուլ է հայտարարել`լսելի դարձնելու իր անմեղությունը, բայց իզուր, շուրջբոլորը կույր և խուլ են ձևանում: Այժմ գործը պետք է քննվի վճռաբեկ դատարանում: Ես միայն մի բան եմ խնդրում` անաչառ եղեք, մի դատապարտեք անմեղներին»:





