AM
17 Դեկտեմբեր 2012 - 08:51 AMT

Մեկ շաբաթում Հայաստանում գրիպի 2000-3000 դեպք է գրանցվում

ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը: Նրա խոսքով` Առողջապահության նախարարությունն ամեն շաբաթ մոնիտորինգ է իրականացնում և այդ մոնիտորինգի արդյունքներով իրավիճակն այս օրերին գնահատվում է հանգիստ:

«Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրիպի 2000-3000 դեպք է գրանցվում: Անցած տարի գրանցված ցուցանիշից 1-1.5 անգամ ցածր է: Դժվար է խուսափել գրիպից և սուր շնչառական վարակներից, բայց եթե ամեն մեկը կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի կամ արդեն վարակվածները մյուսներին չվտանգեն, գուցե հնարավոր լինի», – ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ վտանգավոր խմբում հատկապես երեխաներն են: Մանկապարտեզներում ԱՆ-ն ամեն օր ստուգում է ջերմաստիճանը: Դաստիարակներն էլ զգուշացված են` եթե առավոտյան երեխան գալիս է գրիպի նախանշաններով, մեկուսացվում է, մինչև ծնողները տուն տանեն:

Լիլիթ Ավետիսյանը խորհուրդ է տալիս իմունիտետը բարձրացնելու համար դիմել ոչ թե արհեստական միջոցների, այլ ցիտրուսային մրգեր շատ ուտել, նաև չոր մրգեր, մեղր, ընկույզ, նուշ ու շատ թեյ խմել: