Դեկտեմբերի 14-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի լրացման համար մրցույթն անցել է խախտումներով: Այդ մասին իր հայտարարության մեջ նշում է «Թերլեմեզյան» նախաձեռնությունը:
«Մասնավորապես, մրցույթն անցած թեկնածուներից մեկը` քոլեջի տնօրենի ներկայիս պաշտոնակատարը, ընդհանրապես չի համապատասխանում օրենքի պահանջներին: Ավելին, մրցույթում ուսանողներին ու դասախոսներին ներկայացնող մարդիկ չեն արտահայտում քոլեջի ուսանողների ու դասախոսների ընդհանուր կարծիքը` նրանց ընտրությունը տեղի է ունեցել ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավարական ձևով»,- նշում է նախաձեռնությունը:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Մինչև դեկտեմբերի 19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարը պետք է կատարի քոլեջի տնօրենի նշանակումը: Հուսով ենք` նախարարը կհարգի ՀՀ Կառավարության որոշումը և օրենքները, քոլեջի ուսանողների ու դասախոսների կարծիքը և անաչառ որոշում կկայացնի քոլեջի տնօրենի նշանակման գործում: Մեզ համար ընդունելի մյուս լուծումը կլինի նոր մրցույթի հայտարարումը, որին կմասնակցեն միայն Կառավարության որոշմանը համապատասխանող թեկնածուներ, իսկ մրցութային հանձնաժողովի կազմը կձևավորվի ժողովրդավարական սկզբունքներով` քոլեջի ուսանողների ու դասախոսների ընտրությամբ»:
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել նրա կնոջը՝ արվեստի հետ ոչ մի կապ և անգամ պահանջվող մանկավարժական կրթություն չունեցող, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանին: ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, տվյալ դեպքում մանկավարժական բարձրագույն կրթություն, որն Աննա Մնացականյանը չունի:
Աննա Մնացականյանը չէր համապատասխանում նաև մրցույթի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջներին. ըստ ՀՀ ԿԳ նախարարի 13.03.2008 թ-ի N 60-Ն հրամանի հավակնորդը պետք է ունենար կրթության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (վերջին 10 տարիների ընթացքում), կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ:
Ստեղծված դրությունն արդարացի բողոքի ալիք է բարձրացրել կրթօջախի ուսանողության շարքերում, դասախոսական կազմում, ինչպես նաև արվեստագետների ու արվեստասերների լայն շրջանում:





