Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 18-ին աճում են Կոնգրեսի և Սպիտակ տան միջև 2013-ից պետական ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման վերաբերյալ տարաձայնությունները հաղթահարելու ֆոնի վրա, վկայում են սակարկությունների տվյալները:
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,81 դոլարով կամ 0,75 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 108,45 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,64 դոլարով կամ 0,73 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 87,84 դոլար:
Նախագահ Օբաման նախօրեին առաջարկել է հարկերը բարձրացնել այն ընտանիքների համար, որոնց եկամուտը գերազանցում է տարեկան 400 հազար դոլարը, այլ ոչ թե 250 հազար դոլարը, ինչպես նախկինում: Դա թույլ կտա պետական ծախսերը կրճատել 1,22 տրիլիոն դոլարով:





