Լիովին տրամաբանական է այն արձագանքը, որը հնչեցրել է Իրանի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին: Նա հայտնել է Իրանի ռազմաքաղաքական վերնախավի կարծիքը, որն ավանդաբար Մերձավոր Արևելքը համարում է իր կենսական շահերի գոտին: Եթե տարածաշրջանում իր քաղաքական գերիշխանության ռազմավարության շնորհիվ Իրանը դեռ կարող է աչք փակել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության փաստի վրա, ապա իր սահմանների մոտ Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայման հետ հաշտվելը բարդ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Երուսաղեմի Հրեական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի դոկտոր Վլադիմիր Մեսամեդը:
«Հենց դրանով է բացատրվում հիստերիկ արձագանքը և նոր, երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու սպառնալիքը:
Միաժամանակ նկատելի է իրանցիների համար ցուցադրական անհամաչափությունը. երկրի ռազմականացման ուժեղացումը, հրթիռային ծրագրի ինտենսիվացումը, ոչ կոնվենցիոնալ միջուկային զենքի տիրապետումը և Իրանի կողմից Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական հիստերիա տարածելը չեն սպառնում նոր պատերազմով, այլ, մեջբերում եմ.«Patriot հրթիռներից յուրաքանչյուրը սև կետ է աշխարհի քարտեզի վրա, դրանք ուղղված են նրան, որպեսզի առաջացնեն համաշխարհային պատերազմ»: Իմ կարծիքով առկա է իրանական արձագանքի ևս մեկ ծանրակշիռ պատճառ, որն, ի դեպ, պլանավորված է 2014-ի հունվարին, այլ ոչ թե առաջիկայում»,- ասել է Մեսամեդը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նման որոշումը ցուցադրում է Արևմուտքի անհանգստությունը` կապված ձգձգված սիրիական հակամարտության հետ: «Ըստ էության, նման կարգի պաշտպանական նշանակության հրթիռներ տեղադրելու փաստն իրագործվում է Թուրքիայի խնդրանքով, որն իսկապես տուժում է սիրիական գնդակոծություններից: Նման միջադեպերի քանակը սիրիական դեպքերի 21 ամիսների ընթացքում հասնում է հազարի: Կարևոր է հասկանալ այն, որ սիրիական ռեժիմի հոգեվարքը, որը մտել է եզրափակիչ փուլ, կզրկի Իրանին իր միակ դաշնակցից: Չնայած զուտ լոգիստիկ բնույթի դժվարություններին` Իրանը շարունակում է օգնել Ասադի դատապարտված ռեժիմին տարբեր ուղղություններով` զենքի մատակարարում, գրոհային ջոկատների նախապատրաստում, սիրիական կառավարական զորքերի կողմից ռազմական գործողություններին իրանցի զինվորականների մասնակցություն: Նման մոտեցման անհեռատեսությունը լիովին ակնհայտ է: Իրերի նման կարգն առաջացնում է խուճապային արձագանք, որն արտացոլվում է Ֆիրուզաբադիի խոսքերում»,- ասել է Իրանի հարցերով փորձագետը:
Օրերս Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատար Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին Patriot համալիրների տեղակայումը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի:





