AM
19 Դեկտեմբեր 2012 - 10:39 AMT

ԱՄՆ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Ղարաբաղի հարցում, եթե «միջամտի կարգավորմանը ամենաբարձր մակարդակով

ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում, ՌԴ դերը տարածաշրջանային հարցերում, խաղաղ նախաձեռնությունների հեռանկարը Ղարաբաղում և ԵՄ գազի հարավային միջանցքը քննարկվել են Վաշինգտնում Ջեյմսթաունի հիմնադրամի (Jamestown Foundation) կազմակերպած միջազգային համաժողովում: Ադրբեջանի դերն ու տեղը տարածաշրջանում, Եվրոպայում և աշխարհում համաժողովի հիմնական թեման էր»,-հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ջեյմսթաունի հիմնադրամի ծրագրերի տնօրեն Մարգարիտա Ասսենովան նշեց «Գազպրոմի» աճող վերահսկողությունը էներգետիկ կանալների հանդեպ Սևծովյան և Կասպից ծովի տարածաշրջաններում, մասնավորապես, «Հարավային հոսանք» նախագծի իրականացումը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2015թ.: «Հարավային հոսանք» նախագիծը, որը ռուսական գազը պետք է հասցնի Եվրոպա, շրջանցելով Ուկրաինան ու Թուրքիան, մրցակցում է ՆԱԲՈւԿՈ նախագծի հետ, որին սատարում են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն:

«Նման նախագածերը անմիջական կապ ունեն ԱՄՆ ու ԵՄ շահերի հետ տարածաշրջանում»,-ասել է Ասսենովան:

British Petroleum-ի արտերկրի գործերով տնօրեն Գրեգ Սոունդերսը նշել է, որ Ադրբեջանում Շահ Դենիզ հանքավայրի շահագործումը ընկերության ամենամեծ նախագծերից է Եվրասիայում:

Սոունդերսն ամենաարդիական ինժեներային նախագիծն է համարում Շահ Դենիզ գազատարի նախագիծը, որը կապելու է Բաքուն, Թբիլիսին ու Էրզրումը: «Առաջին անգամ պատմության մեջ այս նախագիծը հարավային պատուհան կբացի կասպիական գազի համար դեպի Եվրոպա»,-ասել է նա:

Ջոն Հոփկինսի համալսարանին կից Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Դևիդ Մերկելը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է առանցքային գործոն հանդիսանալ ադրբեջանա-հայկական հարաբերություններում, ինչպես նաև ԼՂՀ շուրջ իրավիճակի զարգացման հարցում: Փորձագետը գտնում է, որ Արևմուտքի խաղաղ սցենարի առաջընթացի համար վճռորոշ դեր կարող է ունենալ ԱՄՆ-ն, եթե «միջամտի կարգավորմանը ամենաբարձր մակարդակով»:

«Մոսկվան պետք է ընդունի ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտությունը: Ղարաբաղյան հակամարտությանը այն ոլորտներից մեկն է, որտեղ «վերբեռնման» քաղաքականությունը կարող է արդյունավետ կիրառում ունենալ Օբամայի վարչակազմի կողմից»,-ասել է Մերկելը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հավանություն է տվել Մերկելի եզրակացությանը բարձր մակարդակով միջամտության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ մասնակցություն տարածաշրջանի «շտապ գործերի» հանգուցալուծմանը, կարող են ունենալ նաև հանրապետական քաղաքական գործիչները»,-ասել է նա:

Բրայզան համեմատել է հետպատերազմյան աղքատ Ադրբեջանը, որն «անիմաստ խարույկներում այրում էր սեփական պաշարները և էներգիա գնում Ռուսաստանից» այսօրվա արագ զարգացող երկրի հետ, որն արդեն վերածվել է նավթի ու գազի խոշոր արտահանողի համաշխարհային մասշտաբով:

«Ադրբեջանի վիճակը նման է մյուս փոքր երկրների վիճակին, որոնք «հաճախ ճզմվում են հսկաների բախման հետևանքով»,-ասել է Բրայզան և նշել, որ այս տարածաշրջանում մեծ դաշտ կա ԱՄՆ առաջատարության համար ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության, կարգավորման առումով: