AM
20 Դեկտեմբեր 2012 - 05:42 AMT

Երևանում այսօր կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը

Երևանում գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն այսօր՝ ժամը 19:00-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: «Երբ Հանրապետության հրապարակում վառվեն գլխավոր տոնածառի լույսերը, հաջորդաբար կվառվեն նաև Հանրապետության և Շառլ Ազնավուրի անվան հրապարակների լուսադիոդային շատրվանները, ինչպես նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում տեղադրված տոնածառների լույսերը: Կվառվեն նաև ամանորյա ձևավորման շրջանակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված լուսադիոդային դեկորացիաները, կենդանիները, դեկորատիվ մոմերը, և Երևանը կստանա իր ավարտուն տոնական տեսքը»,- նշեց նա:

Երևանի գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն պատրաստված է 6000 ճյուղերից, որոնք սանիտարական էտման արդյունքում տեղափոխվել են տարբեր մարզերից: Տոնածառի լուսային ձևավորման համար օգտագործվել են ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր, որոնց երկարությունը 17 կիլոմետրից ավելի է: Իսկ, առհասարակ, մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար օգտագործվել են 100-ից ավելի լուսադիոդային խաղալիքներ, լուսադիոդային ձևավորում են ստացել շուրջ 450 ծառեր, տեղադրվել են տասից ավելի դեկորատիվ մոմեր և պենոպլաստե տնակներ: Առնվազն երկու տեղ տոնական թեմայով 3D պրոյեկցիա է նախատեսվում, որոնցից մեկը՝ Ազատության հրապարակում, որտեղ նաև դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 13-ը երեխաների համար խաղահրապարակ կկազմակերպվի: Ավելի շատ տեղերում նախատեսվում է 2D պրոյեկցիա: