Վարդենիսի տարածաշրջանում սիբիրախտի կարանտինը կհանվի դեկտեմբերի 26-ին: Գեղարքունիքի մարզպետարանում երեկ կայացել է Գեղարքունիքի մարզում հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ իրականացնող հանձնաժողովի արտահերթ նիստը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը: Վարդենիսի տարածաշրջանում դեկտեմբերի 26-ից կարանտինը դադարեցնելու և անասունների մորթը թույլատրելու մասին որոշումը կայացվել է զեկուցումների արդյունքների հիման վրա: Ըստ զեկուցագրերի ` անասունների անկման վերջին դեպքը գրանցվել է Կարճաղբյուրում, դեկտեմբերի 11-ին, ինչը նշանակում է, որ այստեղ անասունների մորթ կամ կենդանիգլխաքանակի տեղափոխություն կթույլատրվի միայն դեպքից 15 օր անց:Նկատի ունենալով տոների մոտենալը` հանձնաժողովը որոշել է ավելորդ լարվածություն չստեղծել բնակչության շրջանում և դեկտեմբերի 19-ից Վարդենիսի տարածքի 36 համայնքներից 34-ում թույլատրել անասունների մորթը, ընդ որում հիվանդության բռնկման դեպքեր գրանցած 12 համայնքներում այն պետք է կատարվի հատուկ հանձնաժողովի միջոցով , իսկ ինչև դեկտեմբերի 26-ը` կարանտինի ավարտը, կենդանի անասունների դուրսբերումը տարածաշրջանից խստիվ արգելվում է: ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սամվել Ասլանյանը տեղեկացրել է, որ երկու ամիս տևած կարանտինի ընթացքում իրենց ծառայությանը հաջողվել է կանխել անկած 33 գլուխ խոշորի մորթը, ինչի դեպքում հետևանքները կարող էին ավելի ծանր լինել: Իսկ անասնաբուժական միջամտության շնորհիվ անասնաբույժները կարողացել են բուժել սիբիրախտով հիվանդ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային կայանի Գեղարքունիքի մարզային տեսչության պետ Սաշիկ Գինոյանն էլ տեղեկացրել է, որ սիբիրախտի կասկածանքով Մարտունու բժշկական կկենտրոնում հոսպիտալացվել է 65 հիվանդ: Նրանցից միայն 9-ի մոտ է հաստատվել հիվանդությունը: Առողջապահության նախարարությունից այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցին փոխանցեցին, որ Մարտունիում օրերս գրանցված կասկածելի դեպքը հերքվել է:Հիշեցնենք, որ սիբիրախտի առաջին դեպքը հանրապետությունում գրանցվել էր հոկտեմբերի 17-ին:





