AM
20 Դեկտեմբեր 2012 - 09:14 AMT

Ադրբեջանը Հարավային Կովկասում և Մերձկասպիում ցանկացած զինված հակամարտության գլխավոր զոհն է

Ադրբեջանը Հարավային Կովկասի և Մերձկասպիի տարածաշրջանում ցանկացած զինված հակամարտության առաջին և գլխավոր զոհն է, դա արդեն աքսիոմ է, որը կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց որից ոչ մի տեղ չես փախչի: Այդ մասին հայտարարել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի համակարգող Ալեքսանդր Կնյազևը: Նրա խոսքով, բազմավեկտոր արտաքին քաղաքականության դարաշրջանը մոտեցել է իր տրամաբանական ավարտին: Իրենց ողջ ռազմատենչ հռետորությամբ հանդերձ ոչ ԱՄՆ-ը, ոչ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն հետխորհրդային տարածքում միջամտել հակամարտություններին: 2008-ի օգոստոսյան պատերազմը ցուցադրեց հետխորհրդային տարածքում նրա ռեսուրսների սահմանները: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև աճող լարվածության պայմաններում արդի են դառնում նախկին ԽՍՀՄ երկրների կողմից դաշինքի հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարության հարցերը: Դա վերաբերվում է բոլորին, և Ադրբեջանը բացառություն չէ:

Խոսելով Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ից հրաժարավելու Ռուսաստանի որոշման մասին` Ալեքսանդր Կնյազևը նշել է. «Ինչպես գիտեք, կապված նրա հետ, որ 2012-ի դեկտեմբերի 9-ին ուժը կորցրել է «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համաձայնագիրը Գաբալայի ՌԼԿ-ի կարգավիճակի, օգտագործման սկյզբունքների և պայմանների մասին», ռուսական կողմը Բաքվին նոտա է ներկայացրել այս տարվա դեկտեմբերի 10-ից ռադիոլոկացիոն կայանի շահագործումը դադարեցնելու մասին: Դրան հաջորդած բանակցությունների ընթացքում Ադրբեջանը պնդել է վարձավճարի ավելի քան քառասնապատիկ ավելացման վրա` տարեկան 7 մլն դոլարից մինչև 300 մլն դոլար, ես լիովին համոզված եմ, որ այդ պահանջը ֆինանսական օգուտ ստանալու նպատակ չուներ»: Նրա կարծիքով, ի սկզբանե նպատակն ադրբեջանական տարածքից ռուսական ռազմական օբյեկտը հանելն էր, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի ռազմական ենթակառուցվածքի համար տարածքը մաքրելը: «Վերադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթի մասին հարցին` ինչ դրական կողմի մասին կարելի է խոսել, եթե Ադրբեջանը դառնում է Սիրիայի նկատմամբ բոլոր ամերիկյան սցենարների ակտիվ մասնակիցը, բացառված չէ` նաև Իրանի, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ը կհեռանա տարածաշրջանից` իր հետևից թողնելով քաոս: Թուրքիան Ադրբեջանի համար ամենահուսալի գործընկերը չէ, հատկապես հաշվի առնելով նրա բարդ ներքին էթնիկ իրավիճակը, որը զգալիորեն սրվել է Սիրիայի դեմ ագրեսիային Անկարայի մասնակցության հետ կապված: Փորձեք պատկերացնել իրավիճակ, երբ Ադրբեջանը մենակ կմնա Հայաստանի, Ւրանի և ոչ այնքան բարեկամական Ռուսաստանի հետ»,- ասել է Կնյազևը, հաղորդում է Vesti.az-ը: