Հասարակական տրանսպորտի ոլորտի կարգավորումը շատ երկրներում առավել բարդ խնդիրներից մեկն է, այդ թվում` Հայաստանում, կարծում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Լուսինե Յաղուբյանը: «Մեզ մոտ ճանապարհային երթևեկության կանոնները խախտում են ինչպես վարորդները, այնպես էլ հետիոտները»,- ասել է նա դեկտեմբերի 20-ին Երևանում մամլո ասուլիսում:
Սակայն սպառողների իրավունքների պաշտպանը նշել է, որ ուղևորների մեղքին պետք չէ կանխակալ վերաբերվել, քանի որ երեկոյան ժամերին նրանք ստիպված են տուն հասնել լեփ-լեցուն երթուղային տաքսիներով, չնայած նրան, որ վարորդներն իրավունք չունեն տեղափոխել 13 հոգուց ավելի ուղևոր: «Ավելի լավ է մեկ ոտքի վրա, բայց երեկոյան աշխատանքից հետո երթուղային տաքսիով գոնե տուն հասնել»,- ասում են մայրաքաղաքի շատ բնակիչներ, հատկապես նրանք, ովքեր բնակվում են ծայրամասերում»,- նշել է Յաղուբյանը: Միաժամանակ, նա նշել է, որ վարորդները նույնպես այլընտրանք չունեն:
ՀԿ-ի ներկայացուցիչների դիտարկումների համաձայն, խնդիրներից մեկն այն է, որ մայրաքաղաքի կանգառները բավական փոքր են և երթուղային տաքսիները ստիպված են երկու շարքով կանգնել, ինչը բարդացնում է ճանապարհային երթևեկությունը: Դրան նպաստում են նաև տաքսիները, որոնք երբեմն անօրինական կերպով կուտակվում են կանգառներում:
Այդ առումով Յաղուբյանը նշել է, որ իրավիճակը հատկապես բարդացել է առաջին ձյան հետ: Նրա խոսքով, Երևանում ձյունը սկսում են մաքրել միայն այն ժամանակ, երբ տեղի է ունենում ՃՏՊ:
Իր հերթին, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը հավելեց, որ քաղաքապետարանը հավաստիացնում է, որ ձնահավաք տեխնիկան բավարար է, սակայն «մենք ականատես ենք եղել նրան, թե ինչպես է առաջին ձյունը զգալիորեն բարդացրել երթևեկությունը»:
Չիլինգարյանը կարծում է, որ հասարակական տրանսպորտի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է երթուղային տաքսիները փոխարինել մեծ ավտոբուսներով, այլ ոչ թե փոքր, ինչպես դա անում է քաղաքապետարանը:





