AM
20 Դեկտեմբեր 2012 - 14:43 AMT

Վաղը, հնարավոր է, Վահան Հովհաննիսյանի ուսանողների բախտը բերի. Ապոկալիպսիսն ու քաղաքական գործիչները

Դեկտեմբերի 21-ը, ըստ մայաների օրացույցի, աշխարհի վերջին օրն է: Դժվար թե գտնվի մեկը, ով վերջին շրջանում այս թեմայով որևէ խոսակցություն լսած չլինի: Աստղագետներն ու քահանաներն այս մասին ինչ հնարավոր է արդեն պատմել են: Ի՞նչ է Ապոկալիպսիսը քաղաքական երկնակամարի աստղերի համար՝ կես կատակ, կես լուրջ:

ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյան. Ես դեկտմբերի 21-ին համալսարանում դաս ունեմ և գտնվելու եմ այնտեղ:

«Եվ եթե աշխարհի վերջն եղավ, իմ որոշ ուսանողներ կփրկվեն: Չեմ հավատում, որ աշխարհի վերջը կլինի այդ օրը: Ես կարծում եմ, որ ներքաղաքական առումով աշխարհի վերջը Հայաստանում վաղուց եկել է՝ Հանրապետական կուսակցության իշխանության գալու իմաստով»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան. Ցավոք, մեզանից որևէ մեկը Հայաստանում աշխարհի վերջին չի պատրաստվում.

«Ես շատ ցավում եմ, որ մենք՝ հայերս, շատ ռեալիստ, հողին կպած ժողովուրդ ենք և աշխարհի վերջին չենք հավատում: Օրինակ Եվրոպայում սոցիոլոգիական հարցումների թվերը ցույց են տալիս, որ երեքից մեկը հավատում է աշխարհի վերջին: Ես շատ կուզենայի, որ այդքան ռեալիստ ու հողին կպած չլինեինք և գոնե մի քիչ հավատայինք, որ դեկտեմբերի 21-ին լինելու է աշխարհի վերջը:ԱԺ-ում այս օրերին աշխարհի վերջի մասին որևէ մեկի մոտ անգամ զրոյական մտահոգություն չկա: Սա խոսում է մեր ժողովրդի շատ պրագմատիկ լինելու մասին, ոչ մի ռոմանտիզմ… չկա այդ մտածմունքը, որ միգուցե իսկապես մայաները ճիշտ էին: Ու դա մեզ խանգարում է հավատալ բաների, որոնց գուցե չարժե հավատալ, բայց դրանք կարող են ստիպել, որ քո մեջ ինչ-որ բաներ վերանայես ու փոխես»:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյան. Ճիշտն ասած կուսակցությունից որևէ մեկին չգիտեմ, որ գլխապատառ բունկերի մասին մտածի:

«Ես աշխարհի վերջին հումորով եմ վերաբերում: Ես այդ օրը լինելու եմ մի հարազատ մարդու հարսանիքի և լավ ուրախանալու եմ: Հիմա եթե աշխարհի վերջը կլինի՝ թող դա լինի վերջը: Եթե սկիզբը կլինի… «Ժառանգություն»-ում աշխարհի վերջի հարցը չեն քննարկել, բոլորը հիմա պատրաստվում են Նոր տարուն և նախագահական ընտրություններին»:

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյան. Նոյան Տապանը պետք չի գա, Նոյն էլ դեպի Մասիս չի գա

«Չեմ հավատում, որ աշխարհի վերջն է լինելու, այդ լուրերը տարածված են տարբեր մարդկանց կողմից: Ինչո՞ւ չէ, դրանց մեջ նաև բիզնեսային սկզբունքներ են դրված՝(նկատի ունեմ ամբողջ աշխարհը) իրենց չվաճառված ապրանքները վաճառելու և մարդկանց պահուստային միջոցները շրջանառության դնելու, ճգնաժամի դեմ այդ մեթոդներով պայքարելու նպատակով: Կարող է այդ օրերին պատահական բնության տարբեր աղետներ լինեն՝ ժայթքումներ, երկրաշարժեր… կամ ուրիշ վտանգավոր բաներ լինեն, դա դեռ աշխարհի վերջը չէ»:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով. Ես անուղղելի լավատես եմ, կարծում եմ, որ կլինի ևս մեկ բարի անակնկալ.

«Շատ լավ տրամադրությամբ եմ անցացնելու ամսի 21-ը, որոհետև առհասարակ աշխարհի վերջին չեմ հավատում: Որևէ արտառոց բան չի լինի: Թերևս այդ օրը ամենակարճն է չէ՞: Մայաներն էլ իմացել են, որ կարող է կարճ է լինելու, աշխահի վերջ են ասել: Դեկտեմբերի 22-ից հետո օրը սկսում է քիչ-քիչ երկարել՝ նշանակում է, որ ամեն ինչ գնում է դեպի լույս: Պետք է հավատալ Աստծուն և խելոք, նորմալ, բարձր տրամադրությամբ դիմավորել Ամանորն ու Սուրբ Ծնունդը»:

Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյան. Այդ սխոլաստիկ փիլիսոփայությանը բացարձակ ուշադրություն չեմ հատկացնում

«Մայաների, ինկերի, ացտեկների քաղաքակրթությանը ծանոթ եմ դեռ 10-րդ դասարանից: Բայց այդ կանխագուշակումների հետ կապված ես խիստ սկեպտիկ եմ և միշտ ուղղորդվել եմ մարքսիստական պատմագիտությամբ: Այնպես որ, ես դրան չեմ հավատում և ուշադրության չեմ արժանացնում: Ես կարծում եմ, որ այդ օրը ինձ համար սովորական կլինի՝ քաղաքական և բժշկական եռուզեռ, աշխատանքային… այնպես, որ ես շատ կայուն համոզմունքներ ունեմ»: