AM
25 Դեկտեմբեր 2012 - 12:12 AMT

Արմավիրի 2 վթարային շենքերի բնակիչները կապրեն վերակառուցված պահածոների գործարանում

Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, որը վերակառուցվել է: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիր և ծանթացել պահածոների գործարանի նախկին վարչական շենքում իրականացված վերակառուցման աշխատանքներին:

Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 244 մլն 170 հազար դրամ: Վերակառուցման նախագծով շենքն ունի 44 բնակարան, որից 14-ը՝ մեկ սենյականոց է, 25-ը՝ 2, 5-ը՝ 3 սենյականոց բնակարան: Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բնակիչներին կհատկացվեն վթարային շենքերում իրենց զբաղեցրած բնակմակերեսին համապատասխան բնակարաններ:

Շենքի վերակառուցման շինարարությունը սկսվել է 2012 թվականի հուլիսի 17-ին: Ներկայում կատարվել են նախատեսված բոլոր շինարական աշխատանքները և վերակառուցված շենք պատրաստ է շահագործման:

Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար:

Ավելի վաղ՝ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին վարչապետ Սարգսյանը հանդիպել էր շենքերի բնակիչներին, լսել նրանց բնակարանային խնդիրները և խոստացել գտնել համապատասխան լուծումներ: