AM
25 Դեկտեմբեր 2012 - 13:05 AMT

Բացվել է «Նոր գիրք» գրախանութը

Երևանում՝ Գրողների միության շենքի հարևանությամբ, բացվել է «Նոր գիրք» գրախանութը: Այն բացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:

Քաղաքապետը նախ ողջունել է Գրողների միության կողմից գրախանութի բացման նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայ գրատպության 500-ամյակը նշող երկրի համար նման նախաձեռնությունները խորհրդանշական են ու պատվաբեր: «Ինչպես գիտեք, մենք այս տարի նաև հռչակվեցինք Գրքի համաշխարհային մայրաքաղաք և այդ առիթով տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին Երևանում: Ու բնական է, որ մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գրախանութների դերն ու մայրաքաղաքում դրանց քանակի ավելացումը, ինչն իր հերթին լուրջ խթան կհանդիսանա գրքի և ընթերցանության զարգացման հարցում: Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն անհատներին, ովքեր մայրաքաղաքում գրախանութներ բացելու ցանկություն կունենան», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը ծանոթացել ներկայացված գրականությանն ու դարձել գրախանութի առաջին գնորդներից մեկը: