AM
26 Դեկտեմբեր 2012 - 09:55 AMT

Գայանե Սողոմոնյան. Երևանում չջեռուցվող դպրոցներ չկան

2011-2012 ուստարին ձեռքբերումների տարի էր: Այսօր ասուլիսում այդ մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: «Շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ատեստավորման գործընթացը: Այս ուսումնական տարվա ընթացքում Երևանում գործող 161 դպրոցների 10 099 ուսուցիչներ արդեն ատեստավորվել են: 41 դպրոցներում 1000 աշակերտներ ներառական կրթություն են ստանում: Քաղաքապետարանի օժանդակությամբ այդ դպրոցներում թեքահարթակներ են կառուցվել»,- նշեց նա:

Սողոմոնյանը կարևորեց Երևանի քաղաքապետարանի և U!com-ի միջև ստորագրված հուշագիրը, որի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել հեռուստակամուրջ եվրոպական երկրների դպրոցների հետ: «Մյուս տարվա ընթացքում այդ ծրագիրը կկիրառվի արդեն 15 դպրոցներում: Լուրջ հաջողություններ են արձանագրվել շախմատի օլիմպիադաներում, որոնց տարբեր կարգերի հաղթողներին ընդունել և պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դպրոցներում մի շարք միջոցառումներ են իրականացվել նաև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու շրջանակում»,- ասաց նա:

Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հետ համագործացությամբ սեմինարներ են կազմակերպվել Երևան ժամանած ուսուցիչների հետ, և ծրագիրը շարունակվում է: «Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մայրաքաղաքի երեք պրոցներում շուրջ 20 հազ. եվրո գումարով կառուցվեցին կաբինետներ երկլեզու ուսուցում իրականացնելու համար, ինչը շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է սիրիահայ երեխաներին, ապա թվով 270 սիրիահայ աշակերտ այժմ սովորում է նորաբաց «Կիլիկյան» վարժարանում»,- ընդգծեց նա:

Սողոմոնյանը հավելեց, որ Երևանի բոլոր դպրոցներն այժմ ջեռուցվում են: «Մենք այլևս չունենք չջեռուցվող դպրոց, կան դպրոցներ, որոնք ջեռուցումը թերի էր, և անհրաժեշտ էր պարզապես այն լրացնել: Այժմ տաք են բոլոր դպրոցների դահլիճները, միջանցքները, սանհանգույցները, երեխաները ձմռանը նույնպես ակտիվորեն մասնակցում են ֆիզկուլտուրայի դասերին, ինչը շատ կարևոր է»,- նշեց նա: