Դեկտեմբերի 31-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղալու: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Դեկտեմբերի 31-ի գիշերն ամենուրեք ձյուն կտեղա, իսկ հունվարի մեկի առավոտյան տեղումները կդադարեն, ճանապարհները հնարավոր կլինի մաքրել ու հյուր ընդունել-գնալուն ոչինչ չի խանգարի», – ասաց Զարուհի Պետրասյանը:
Նրա տվյալներով՝ այս գիշեր Աշոցքում գրանցվել է -36 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում` -6-8 աստիճան: Այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը +2 կլինի: Դեկտեմբերի 29-ին` +4, լեռնային շրջաններում` -4: Դրանից հետո գիշերային ջերմաստիճանի բարձրացում կդիտվի` խիստ ցածրադիր շրջաններում մինչև 2 աստիճան:
«Ձմեռային սեզոնին ցուրտ ամիսներ չեն սպասվում: Տաք սեզոն կլինի: Ջերմաստիճանը, ամսական տեղումները նորմայից բարձր են: Նույնը կանխատեսվում է նաև հունվարի համար` անցած տարվա եղանակը կկրկնվի: Տեղումներն առատ կլինեն հատկապես Արարատյան դաշտում», – ասաց Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով`հանրապետության ամբողջ տարածքում, բացի հովտային շրջաններից, շատ բարձր ձնածածկ է գոյացել: Արագածի բարձրադիր շրջաններում` 1մ 30սմ, լեռնային շրջաններում 40-45 սմ: Տարեգրությունը ցույց է տալիս, որ եթե դեկտեմբերին ունենք բարձր ձնածածկ, հունվարին այն ավելի կբարձրանա: Բավական ջրի պաշարներ կունենանք, եթե կանխատեսումներն արդարանան:





