Հայաստանում ապրող հույները Նոր տարին տոնում են այնպես, ինչպես հայերը՝ որոշ տարբերություններով միայն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչ Սլավիկ Ռաֆայելիդիսը պատմեց, որ հույները Ամանորը տոնում են դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 14-ը: Հույները Ձմեռ պապին ասում են Պապուս: «Հունական պիտա (գաթա) ենք թխում, մեջը մետաղադրամ դնում: Նոր տարվա գիշերը կտրում ենք գաթան և առաջին կտորը թողնում ենք Աստծուն: Մնացած կտորները բաժանում ենք ընտանիքի անդամների միջև: Ում կտորի մեջ լինում է մետաղադրամը, նա էլ այդ տարվա հաջողակն է»,- ասաց Սլավիկ Ռաֆայելիդիսը: Նա նաև ասաց, որ հույները եփում են բրինձով և համեմունքներով տոլմա, աղցաններ են պատրաստում: Զարդարում են բոլոր շենքերը, բակերը, տներն ու աշխատասենյակները:
«Մենք լիովին ինտեգրվել ենք հայ հասարակությանը և Նոր տարին տոնում ենք հայերի նման»,- ասաց նա:
Սլավիկ Ռաֆայելիդիսը բոլորին մաղթեց ուրախ նոր տարի: Նա նաև ասաց, որ Հայաստանը միակ հանրապետությունն է, որտեղ ազգային փոքրամասնությունները որևէ խնդիր չունեն՝ բացի սոցիալական պայմաններից: Նա հույս հայտնեց, որ եկող տարում այդ խնդիրն էլ կհաղթահարվի:





