AM
3 Հունվար 2013 - 11:06 AMT

Ժերար Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռուսաստանի Կրեմլի կայքին:

Դերասան Ժերար Դեպարդյեն ավելի վաղ հայտարարել էր, որ Բելգիայից բացի, որտեղ նա արդեն անշարժ գույք է ձեռք բերել, դիտարկում է նաև Ռուսաստան կամ Չերնոգորիա տեղափոխվելու հնարավորությունը:

Նախընտրական նախագահական քարոզարշավի ժամանակ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր բյուջեի պակասուրդը հաղթահարելու համար 2013թ. բարձրացնել եկամտահարկը, տարեկան 1 մլն եվրո աշխատող քաղաքացիների համար այն հասցնելով 75 տոկոսի: Որոշ ունեվոր մարդիկ, այդ թվում նաև Դեպարդյեն, որոշել են հեռանալ երկրից: Վարչապետին հղած նամակում դերասանը հայտարարել էր, որ հրաժարվում է ֆրանսիական անձնագրից ու սոցիալական ապահովագրությունից:

Ավելի վաղ, բելգիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ դերասանն արդեն տուն է գնել Բելգիայի Նեշեն փոքր քաղաքում, որտեղ բնակություն են հաստատել բազմաթիվ ֆրանսիացի միլիոնատերեր:

Դեկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է անհապաղ Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել Դեպարդյեին.

"Եթե Ժերարն իրոք ուզում է Ռուսաստանում բնակվելու իրավունք կամ ռուսական անձնագիր ունենալ, համարենք, որ այդ հարցն արդեն դրականորեն է լուծված", – ասել է Պուտինը: