AM
10 Հունվար 2013 - 05:54 AMT

«ՀԺ».Արշալույս Փայտյանը «գոմեշի մսի» գործում դեռ ոչ մի կարգավիճակ չունի

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Պարզվում է, ՊՆ-ին գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը դեռևս այս գործում ոչ մի կարգավիճակ չի ստացել։

ՀՀ ՊՆ քննչական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը երեկ մեր հարցերին ի պատասխան ասաց, որ այս գործով որևէ նոր մարդ՝ վկայի, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով, չի ներգրավվել։ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք այս ընթացքում Փայտյանը կրկին հարցաքննվել է, ասելով, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարող դա անել։

Հիշեցնենք, որ այս գործով սեպտեմբերի 29-ին կալանավորվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ով կալանքի պահին սրտի կաթված էր ստացել։ Երեկ մենք պարզեցինք, որ նա դեռ դատապարտյալների հիվանդանոցում է»,- գրում է «Հայկական ժամանակը»։