ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպել է Եվրոպական ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր են գնահատել արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան և երկուստեք այն պահպանելու և շարունակելու պատրաստակամություն հայտնել :
Նշվել է, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում` Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միևնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն են հայտնել, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ի տնտեսական և ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքի վրա այդ գործընթացի դրական ազդեցությանը: Խոսել են մուտքի արտոնագրերի և հետընդունման բանակցային գործընթացն ավարտելու և պայմանագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին: Կողմերը կարևորել են այդ պայմանագրերի իրագործումը, ինչը ճանապարհ կհարթի դեպի մուտքի արտոնագրերի ազատականացումը ՀՀ քաղաքացիների համար:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնությանև տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Շտեֆան Ֆյուլեն իր հերթին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարության որոշման համար, որով ԵՄ քաղաքացիները կարող են առանց վիզաների ձեռքբերման մուտք գործել Հայաստան:
Կարևորել են նաև ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ և եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ :
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ակտիվ համագործակցության համար և հավաստիացրել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս կիրառելու համագործակցության հնարավորություններն ու գործիքները:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 8-ին պաշտոնական հրավերով մեկնել էր Բրյուսել:





