AM
14 Հունվար 2013 - 09:47 AMT

Ալթայում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ, որոնք փորձել են դուրս բերել ոսկի պարունակող ապար

Ալթայի հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների, որոնք փորձել են ոսկի արդյունահանող ձեռնարկության տարածքից դուրս տանել գրեթե երկու ցենտներ թանկարժեք մետաղներ պարունակող ապար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գերատեսչության տվյալներով, 2013-ի հունվարի 11-ին Լեռնային Ալթայում Հայաստանի երկու քաղաքացիներ Արթուր Մկրտչյանը և Կարեն Խոստեղյանը հանրապետական ՆԳՆ աշխատակցին տվել են 100 հազար ռուբլի: Դրա դիմաց նա պետք է ապահովեր Լեռնային Ալթայի տարածքում թանկարժեք մետաղների անարգել տեղափոխությունը: Հաջորդ օրը տղամարդիկ ոսկի արդյունահանող «Ռուդնիկ վեսյոլի» ԲԲԸ-ի աշխատողին հանձնել են 735 հազար ռուբլի: Այդ փողի դիմաց պետք է ապահովվեր նրանց ազատ մուտքը հանքավայրի տարածք, որտեղ նրանք պատրաստվում էին ձեռք բերել թանկարժեք մետաղներ պարունակվող ապար և հետագայում դուրս բերել գործարանի տարածքից:

«Չարագործները փորձել են անօրինական կերպով գործարանի տարածքից դուրս հանել ավելի քան 190 կգ թանկարժեք մետաղներ պարունակող ապար: Ներկա պահին Խոստեղյանը և Մկրտչյանը ձերբակալվել են, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքի տեսքով»,- ասվում է հաղորդագրությունում:

Տղամարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ կանխահայտորեն անօրինական գործողությունների և պաշտոնատար անձին խոշոր չափի կաշառք տալու մասին: