AM
14 Հունվար 2013 - 09:12 AMT

Եվս 911 մահացածի անուն ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում

Հայաստանի ոստիկանությունը հունվարի 14-ին ամփոփել է բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները: Հունվարի 14-ի դրությամբ 1328 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:

Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 911 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:

Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:

Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 9753 հասցեներ, որոնցից 781-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:

Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: