AM
14 Հունվար 2013 - 11:42 AMT

«Մատաղիսի գործով» իրավահաջորդ.Ես Զարուհի Փոստանջյանի մազերը դեռ Ղարաբաղում պիտի պռճոկեի

Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը մեղավոր են ու պիտի ճաղերի հետևում հայտնվեն: Այսօր ասուլիսի ժամանակ «Մատաղիսի» գործով տուժողի իրավահաջորդ Արթուր Եղիազարյանը նշվածին ավելացրեց.«Մենք չենք ուզում, որ անմեղները տուժվեն, բայց վերջապես էս հարցը պիտի լուծում ունենա, սպանել են մեր երեխաներին, իմ եղբոր տղային: Մարդասպանները 1000 տոկոս այս երեքն են և Զարուհի Փոստանջյանն էլ մարդասպանների փաստաբան է»:

«Ես Զարուհի Փոստանջյանի մազերը դեռ Ղարաբաղում պիտի պռճոկեի: Նա գիտեր Եվրադատարանի ճանապարհը: Նա նույնիսկ Ռաֆֆի Հովհաննիսյանին է մեր գյուղ ուղարկել: Մեղավորների մեջքին Զարուհի Փոստանջյանն է, իսկ թե ով է նրա մեջքին, հայտնի չէ», -ասաց սպանված Ռոման Եղիազարյանի հորաքույր Անահիտ Եղիազարյանը:

Արթուր Եղիազարյանը տեսանյութ ներկայացրեց, որն, իր խոսքով, դիտելուց հետո բոլորը կհամոզվեն` մեղավորները ցմահ դատապարտված, վերջերս դատարանի դահլիճից ազատ արձակված մեղադրյալներն են:

«Տեսանյութում մարդասպան Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքն է` քննիչ Արմեն Հակոբյանի կաբինետում: Այս տեսանյութը գործերում կա, բայց չգիտեմ, քաղաքականության, թե ինչի հետ է կապված, մեղավորներին պաշտպանում են»,- ասաց Արթուր Եղիազարյանը:

Նա նշեց նաև, որ մեղադրյալների հարազատները փորձել են իրենց հետ համագործակցել, որ իրենք մեղադրանքներից հրաժարվեն:

«Ես իմ երեխու արյունը չեմ ծախի», -ասաց Ռոման Եղիազարյանի մայրը:

Եղիազարյանների խոսքով նույնիսկ սպանված մյուս զինվորի` Հովսեփ Մկրտումյանի հարազատների միջոցով են փորձել իրենց համոզել, որոնք, ըստ իրենց, գնացել են համագործակցության:

Ռոման Եղիազարյանի իրավահաջորդները բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճռի:

Հիշեցնենք, որ զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2003 թվականին: 2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են: