Այսօր ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ազգային արխիվում:
Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկատվություն է ներկայացրել 2012թ. կատարված աշխատանքների և 2013թ. անելիքների մասին:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ` 4.161.932 արխիվային գործով: 2012թ. համեմատ, արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով: Տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել արխիվային փաստաթղթերի ֆիզիկական վիճակի բարելավման և պահպանվածության ապահովման նպատակով: 2012թ. ընթացքում վերականգնվել-վերանորոգվել է 308.875 թերթ արխիվային փաստաթուղթ:
Աշխատանքներ են իրականացվել տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման և կատարելագործման ուղղությամբ: Շարունակվել է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Տարվա ընթացքում թվայնացվել է 224.219 պատկեր, «Հայաստանի ազգային արխիվ» ծրագրին արդեն միացվել է 31.755 պատկեր: Թվայնացվել է նաև 973 կինոֆոտոֆոնո փաստաթուղթ` ծրագրով նախատեսած 880-ի փոխարեն: Աշխատանքներ են իրականացվել ներարխիվային համակարգչային ցանցի գործարկման, համակարգչային նոր ծրագրերի ներդրման, էլեկտրոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման ոլորտում:
Առաջին անգամ արխիվը իրականացրել է էլեկտրոնային փաստաթղթերի համալրում: Առաջին անգամ նաև հայոց պատմությանն առնչվող փաստաթղթերի պատճեններ են ձեռք բերվել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի արխիվներից: Ցուցահանդեսներ են կազմակերպվել Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանի մի շարք քաղաքներում: Լույս է տեսել փաստաթղթերի և նյութերի 6 ժողովածու, 1 մենագրություն և 1 համացանկ: Կազմակերպվել են նաև մի շարք գիտաժողովներ և միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:





