AM
15 Հունվար 2013 - 12:13 AMT

ՄԱԿ. Մալիում ռազմական գործողությունը հանգեցրել է փախստականների թվի աճի և մարդասիրական իրավիճակի սրման

Մալիի հյուսիսում գրոհայինների դեմ ֆրանսիական զորքերի գործողությունը հանգեցրել է ներքին տեղահանված անձանց և փախստականների թվի աճի, ինչպես նաև Մալիում մարդասիրական իրավիճակի վատթարացման: Այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հաղորդել են ՄԱԿ տարբեր գործակալությունների ներկայացուցիչները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Հունվարի 14-ի գնահատականներով, ներքին տեղափոխված անձանց թիվը կազմել է 228,9 հազար մարդ: Համեմատության համար, մինչև ռազմական միջամտությունն այդ թիվը կազմել է 198,5 հազար մարդ»,- լրագրողներին ասել է մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ վարչության մամլո քարտուղար Յենս Լաերկեն:

Մալիից հարևան պետություններ մեկնածների ընդհանուր թիվը կազմում է 144,5 մարդ: Նրանցից 54,1 հազարն ապաստան են գտել Մավրիտանիայում, 50 հազարը` Նիգերում, 38,8 հազարը` Բուրկինա Ֆասոյում, 1,5 հազարը` Ալժիրում: