AM
15 Հունվար 2013 - 15:06 AMT

Պանետտա. ԱՄՆ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Մալի

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան երեքշաբթի օրը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները մտադիր չեն ռազմական կոնտինգենտ ուղարկել Մալի՝ ապստամբների դեմ պայքարելու, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սակայն ամերիկացիները ծրագրում են տեխնիկական աջակցություն ցուցաբերել Մալիում ֆրանսիական զորքերին, ընդգծել է Պանետտան: Նա նշել է, որ ներկայումս մշակվում է աջակցության ծրագիրը:

Պանետտան նշել է, որ Մալիում ռազմական օպերացիան չափազանց կարևոր է, և հույս է հայտնել, որ Ֆրանսիան կկարողանա ապահովել անվտանգությունն այդ աֆրիկյան պետությունում: