AM
15 Հունվար 2013 - 16:03 AMT

2012թ. ջրային տնտեսության համակարգը պետբյուջե է փոխանցել 7.14 մլրդ դրամ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ներկայացվել են 2012թ. կատարված աշխատանքները և 2013թ. ծրագրերն ու անելիքները: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2012թ-ին ևս շարունակվել են համակարգում կառուցվածքային փոփոխությունների, ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավ¬ման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կո¬րուստ¬ների նվազեցման, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները:

Ներկայացնելով հավաքագրումների ցուցանիշները` Ա. Անդրեասյանը նշել է, որ 2012 թ. համակարգի գանձումը կազմել է շուրջ 20.36 մլրդ դրամ (78.9 %) ` նախորդ տարվա համեմատ 830 մլն դրամով ավելի: Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.29 մլրդ դրամ (97,8 %)`520 մլն դրամով ավելի 2011թ. ցուցանիշի համեմատ: Տարվա ընթացքում ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններով ՀՀ պետական բյուջե են փոխանցվել շուրջ 7.14 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ` 2011թ. համեմատ 1.56 մլրդ դրամով ավելի:

Տարվա ընթացքում կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են շուրջ 503.8 կմ խողովակաշարեր, ջրանցքներ և ջրատարներ, այդ թվում` խմելու ջրագծեր` 398.1 կմ, կոյուղու կոլեկտորներ` 20.8 կմ, ոռոգման ջրանցքներ եւ ջրատարներ` 84.9 կմ։ Ոռոգման համակարգի համար կարևոր նշանակություն է ունեցել այս տարի Մարմարիկի ջրամբարի շահագործումը: Վերականգնված ջրամբարը թույլ է տալիս կուտակել 23 մլն խմ լրացուցիչ ջրաքանակ, ինչպես նաև գարնանային վարարումների ընթացքում կարգավորել Մարմարիկ գետի հոսքերը: Մեկնարկել է Կապսի անավարտ ջրամբարի կառուցման համար նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի շինարարության, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման նպատակով դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են վարվում: Շարունակվել են Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքները և հնարավորություն է ստեղծվել լուծել թունելի առավել վտանգավոր հատվածների անվտանգ շահագործման հարցերը։ Նշվել է, որ ջրառ իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ջուր մատակարարող ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում: 2012թ-ին առաջին անգամ ոռոգման համակարգի ընկերությունների կողմից գանձումը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 340 մլն դրամով:

Անդրադառնալով խմելու ջրի ոլորտում կատարված աշխատանքներին` Ա. Անդրեասյանը նշել է, որ «Երեւան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում միջինում առնվազն 1 ժամով ավելացել է ջրամատակարարման տևողությունը: Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների բաժանորդների մոտ տեղադրված է 638 հազ. 500 ջրաչափական սարք`2011 թ. համեմատությամբ 13,7 հազարով ավելի: Ջրաչափերով ապահովվածությունը կազմում է 87.1 %։ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ավարտվել են Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները, կառուցվել են 20.8 կմ կոյուղագծեր` Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան եւ Ջերմուկ քաղաքներում, կառուցվել են պոմպակայաններ` Սևան և Գավառ քաղաքներում։