AM
22 Հունվար 2013 - 09:18 AMT

Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ոստիկանությունը 40 զանգ է ստացել

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ «Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 2013 թ. հունվարի 17-ին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո:

Վերջնական ցուցակները հրապարակելիս՝ անճշտությունն ուղղված կլինի: Երկրորդ զանգով` Անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձի վերաբերյալ, որի տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:

Մահացած անձին ճշտելու ուղղությամբ ոստիկանության Կենտրոնականի անձնագրային ծառայությունում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:

Մնացած 38 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն: