AM
22 Հունվար 2013 - 16:14 AMT

ANCA-ն շնորհավորում է Օբամային՝ կոչ անելով «վերսկսել» հարաբերությունները ԱՄՆ հայկական համայնքի հետ

ANCA-ն շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ երդման երկրորդ արարողության կապակցությամբ՝ կոչ անելով «վերսկսել» հարաբերությունները ԱՄՆ հայկական համայնքի հետ՝ ապրիլի 24-ի նախաշեմին համայնքի ղեկավարների հետ հանդիպումների միջոցով:

«ԱՄՆ երկու միլիոն հայերի անունից շնորհավորում ենք Ձեզ՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու և երդման արարողության կապակցությամբ, և հաստատում ենք մեր շահագրգռվածությունը՝ ԱՄՆ առաջնային հարցերի, սկզբունքների և քաղաքականության հարցում Ձեր վարչակազմի հետ համագործակցելու»,-ընդգծվում է նամակում: ANCA-ն ուղերձում ընդգծվում է ԱՄՆ նախագահի՝ հայկական համայնքի ղեկավարների հետ հանդիպումների կարևորությունը, որպեսզի առանց միջնորդների քննարկվեն և նախանշվեն համագործակցության հետագա հեռանկարները:

Ավելի վաղ ANCA-ն նախաձեռնել էր ԱՄՆ նախագահի հասցեին մեկ հարց պարունակող նամակներ ուղարկելու քարոզարշավ: Հարցը հետևյալն էր. «Ե՞րբ կկատարեք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումը»: Հիշեցնելով Բարաք Օբամային այն մասին, որ անցյալում նա բազմիցս հաստատել է Ցեղասպանության փաստը՝ քարոզարշավի նախաձեռնողները պնդում են, որ մինչև ապրիլի 24-ը դեռևս ժամանակ կա, որպեսզի Օբաման կատարի իր խոստումը՝ Ամերիկային խնդրի լուծման արդար կողմնակից դարձնելով: