AM
25 Հունվար 2013 - 07:38 AMT

Մեկ օր բանակի հետ. Ուսանողներն ու կամավորները կայցելեն զորամաս

Բանակի օրը՝ հունվարի 28-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Լոռու մարզային կենտրոնը կանցկացնի «Մեկ օր բանակի հետ» ծրագիրը։ Միջոցառման նպատակն է երիտասարդության շրջանում կարևորել բանակի դերը, ինչպես նաև երիտասարդների զորակցությունը հայտնել հայրենիքը պաշտպանող զինվորներին ու սպաներին։ Ծրագրին կմասնակցեն ՀԵՀ-ի մարզային կենտրոնի կամավորները և Վանաձորում գործող կրթական հաստատությունների ուսանողները։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Վանաձորում տեղակայված զորամասում երիտասարդները ներկա կլինեն տոնական շքերթի, այնուհետև կծանոթանան զորամասի առօրյային: Միջոցառման մասնակիցները զորամասի զինվորների հետ կայցելեն Վանաձորի ազատամարտիկների պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն և ծաղիկներ կդնեն արցախյան հերոսամարտում զոհվածների շիրիմներին: Վանաձորի մշակույթի պալատում կանցկացվի նաև համերգային ծրագիր՝ նվիրված Բանակի օրվան: Բարձր կարգապահությամբ և լավ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները կխրախուսվեն։