Այն, ինչ կատարվեց 2013թ. հունվարի լույս 23-ի գիշերը Ադրբեջանի Իսմաիլլի շրջանում, առանց չափազանցության կարելի է ժողովրդական ապստամբություն համարել, քանի որ այն չէր կազմակերպված որևէ քաղաքական կուսակցության կամ առաջնորդների կողմից, այլ բռնկվել էր տարերայնորեն որպես զայրացած ժողովրդի արձագանք: Այդ մասին գրում է իրավապաշտպան Էլնուր Մելիկովը Բաքվից IAREX կայքում:
Ըստ նրա, իրադարձություններն Իսմաիլլիում ինչ-որ չափով առնչվում են նաև Ռուսաստանի շահերին: Շրջանում կա Իվանվոկա գյուղ, որի բնակիչները ռուսներ են: Իսմաիլլին տարբերվում է մյուս շրջաններից նաև նրանով, որ այնտեղ ազգային կազմը շատ ավելի տարաբնույթ է, քանի որ, ադրբեջանցիներից բացի, այնտեղ ապրում են ռուսներ, թաթեր, լեզգիներ, քրդեր ու լաղիչներ: «Դեռ նախորդ տարվա սկզբին Նիզամի Ալեքպերովին հասցեագրված իմ նամակում ես ուշադրություն էի դարձրել այն հանգամանքի վրա, որ շրջանի ազգային կազմը բազմազան է և նրան պետք է վերաբերվել հոգածությամբ: Սակայն, որոշ ժամանակ անց, այն է մայիսին, ես տեսա, որ մոտ 100 ռուսներ Իվանովկա գյուղից հավաքվել էին Բաքվում նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով Նիզամի Ալեքպերովի հրաժարականը, սակայն Ադրբեջանի նախագահը ոչինչ չձեռնարկեց: Նրանք բողոքում էին, որ Ալեքպերովն ու նրա թիմը խլում են գյուղի բնակիչների հողամասերը, իսկ նրանց, ով փորձում է բողոքել, ապառնում են ձերբակալությամբ ու բանտարկությամբ: Կարծում եմ, որ կարևոր պահ է հասունացել համաշխարհային հանրության համար, պատշաճ կերպով արձագանքելու համար կատարվողին, հատկապես ռուս ագայնականների համար, որոնք չպետք է անհաղորդ մնան: Իվանովկան, ինչպես և Ադրբեջանի մյուս տարածքները, ռուսների համար հայրենիք են:
Այժմ Իսմաիլլիի բոլոր բնակիչները՝ ռուսները, լեզգիները, թաթերը, լաղիչները ճնշման են ենթարկվում Ալեքպերովի ու նրա ռեժիմի կողմից: Կարելի է ենթադրել, որ ռուսական իշխանությունները պետք է անհապաղ զորքեր մտցնեն Ադրբեջան՝ պաշտպանելու համար ազգային փոքրամասնություններին իշխանությունների ահաբեկությունից, միևնույն ժամանակ հարցի հանդեպ իրենց վերաբերմունքը պետք է հայտնեն ռուս ազգայնականները»,-գրում է Մելիկովը:





