AM
28 Հունվար 2013 - 08:38 AMT

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.«Մեծարգո Սերժ Ազատի,Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:

Ստեղծվելով մեր ժողովրդի համար օրհասական պահին և թրծվելով պատերազմի բովում` հայոց փառապանծ բանակն անցավ հաղթական ուղի, կարողացավ արժանապատվորեն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը և այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները: Բանակը բոլորիս հպարտությունն է ու պարծանքը, մեր ժողովրդի տասնամյակների մաքառումների մեծագույն ձեռքբերումը:

Եվ այն, որ այսօր ունենք ժամանակակից պահանջներին համապատասխան, հզոր ու մարտունակ բանակ նաև Ձեր անձնական ջանքերի և ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է:

Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին ու մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի զորացման ու բարգավաճման»: