Երիտասարդական պալատի հեղինակ, վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Պողոսյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է Երիտասարդական պալատի տեղում կառուցվելիք շենքի մասին: «Համացանց ով ինչ ուզի, կարող է լցնել: Երիտասարդական պալատի նախագծի մրցանակաբաշխությունը երկու տարի առաջ է եղել, որին մասնակցում էին բազմաթիվ մարդիկ: Մրցույթը երկրորդ փուլում մի ճապոնացի էր շահել: Հիմա այդ ճապոնացին էլ, նախագիծն էլ չկան, իսկ տարածվածը բազմաթիվ նախագծերից մեկն է, ուղղակի այդ տղան որոշել է ցույց տալ իր նախագիծը», – ասել է Հրաչիկ Պողոսյանն ու ավելացրել, որ ժամանակին Երիտասարդական պալատն ապօրինի է քանդվել՝ վթարայինի անվան տակ, սակայն պետք էր ոչ թե քանդել, այլ ամրացնել:
«Երիտասարդական պալատը քանդեցին այն պարզ պատճառով, որ այն սեփականաշնորհվեց, և այդ տարիներին մեզ մոտ ամեն ինչ արվում էր ըստ սեփականատիրոջ կամքի»,-ասաց Հրաչիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում լուսանկարներ էին տարածվել, որոնցում իբր Երիտասարդական պալատին փոխարինող կառույցն էր: Երևանի քաղաքապետարանից հերքեցին տեղեկությունը, ասելով, որ նման նախագիծ չի քննարկվել, իսկ նախագծի հեղինակը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լուսանկարները տարածել էր ընկերների համար:
Երիտասարդական պալատը կառուցվել է 1970-ականներին, շենքի քանդման որոշումն ընդունել է Երևանի քաղաքապետարանը, 2005 թվականին :





