AM
28 Հունվար 2013 - 14:35 AMT

Հետախույզ, փողային նվագախմբի ղեկավար, արտակարգ գնդի պարետ. ՀՀ նախագահի թեկնածուները բանակում

ՀՀ նախագաի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ծառայել է սովետական բանակում: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ և լավ հուշեր ունի, և վատ: «Սովորեցինք տիրապետել զենքին, սովորեցինք պաշտպանել մեր պատիվը: Ես միաժամանակ ղեկավարել եմ զորամասի վոկալ-գործիքային և փողային անսամբլը: Շատ հետաքրքիր հանդիպումներ էինք ունենում մասնագետների, երաժշության ուսուցիչների հետ: Հանդիպումներ էինք ունենում ԽՍՀՄ բոլոր հանարապետություններում: Պաշտպանել եմ հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին: Լավ ընկերներ ունեմ` ռուս, ուկրաինցի և այլն»,- ասաց նա:

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյան

Արամ Հարությունյանն այդ տարիներին սովորել է ասպիրանտուրայում: «Տարկետում էին վերցնում և չէին ծառայում: Ես պատերազմի ժամանակ մասնակցել եմ Քաշաթաղի ռազմականացող բնակավայրերի ստեղծմանը: Ես ինձ կռված տղա չեմ համարում, որովհետև ամեն դեպքում շատ արժանի տղաներ կան, ովքեր կռված կարող են իրենց համարել»,- ասաց Արամ Հարությունյանը:

Այս տարիներից նրա հիշողության մեջ մնացել է մի դեպք, երբ ինքը իր ընկերների հետ երեք օր կորած է համարվել: Դա 1992 թվականի հուլիսի 28-ն էր: Կռիվ էր գնում, երեք օր կապ չի եղել, Արամ Հարությունյանի ընտանքիքի անդամները անգամ զոհվածների մարմինների մեջ են փնտրել նրան: Երեք օր հետո կապը վերականգնվել է և կարողացել են լուր ուղարկել, որ ողջ են:

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը մեզ զրույցում նկատեց, որ ինքը բանակում չի ծառայել, ինքը բանակ ստեղծել է: 1992 թվականին ԱԻՄ-ը նրա առաջարկով ձեռնամուխ եղավ ազատագրված Քաշաթաղի շրջանում փախստականների համար բնակավայրեր ստեղծելու գործին։ Այդ նախաձեռնությունը կամավորական բնույթ էր կրում: Նախագահի հրամանագրով և խորհրդարանի հաստատմամբ նա նշանակվել է Գորիսի և Գորիսի շրջանի արտակարգ դրության պարետ։ «Իմ ստեղծած Սյունիքի աշխարհազորի 627 գրանցված աշխարհազորայիններից 43-ը զոհվել են, երեք տասնյակը` վիարվորվել»,- ասաց նախագահի թեկնածուն:

ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյան

Արման Մելիքյանը պահեստազորի սպա է: Զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն` ռազմական հետախույզ: Արցախյան ազատամարտի ժամանակ ճակատային գծում և թիկունքում զբաղվել է իրավիճակի վերլուծությամբ և համապատասխան առաջարկների ներկայացմամբ: «92 թվականին ես անցել եմ ռազմաճակատի ողջ գծով մինչև Քաշաթաղ: Ամենահետաքրքիր միջադեպը, որը հիշում եմ, Ղարաբաղում է եղել, երբ մի երիտասարդ օդանավ էր խփել իր ձեռքի հրազենից: Սա միաժամանակ և ուրախալի, և զարմանալի դեպք էր»,- պատմեց նախագահի թեկնածուն:

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1993-1995 և 2000-2007 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյան

Վարդան Սեդրակյանը ծառայել է սովետական բանակում`1986-88թթ.: Նա 6 ամիս ծառայել է Վրաստանում, հետևակային գնդում: Հետո տեղափոխվել է Գյումրի: Մեզ հետ զրույցում նախագահի թեկնածուն պատմեց. «Գնդի հրամանատարը համազում էր, որ կոմունիստական կուսակցությանն անդամագրվեի, ինչը հնարավորություն էր տալիս լավ առաջ գնալու: Ես համաձայնեցի, չնայած շատ ոգևորված չէի: Թերթիկը լրացնելուց հարց կար` հավատու՞մ եք Աստծուն: Գրել էի այո: Հետո հատուկ ծառայությունից եկան, ասացին` դու լավ ուսանող, կոմերտիական, ծառայության ընթացքում լավ աչքի ընկած ինչու ես այդպիսի պատասխան տվել: Էդպես չհաջողվեց անդամագրվել Կոմունիստական կուսակցությանը»:

ՀՀ նախագահի մյուս թեկնածու Անդիրաս Ղուկասյանը ծառայել է սովետական բանակում` 88-89թթ.: Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես ինքն է ասում, դժբախտաբար Հայաստանում չի ծնվել և չի ծառայել բանակում: