AM
1 Փետրվար 2013 - 13:08 AMT

Փարպեցի և Պուշկին փողոցների բնակիչները բողոքում են, բայց ակումբների «կյանքը» դրանից չի փոխվում

Երևանի գիշերային ակումբների ու զվարճանքի վայրերի աշխատաժամերի հետ կապված քաղաքապետարանը որևէ նոր որոշում չի կայացրել: Տարածված լուրերն այն մասին, որ գիշերային ակումբներն ու զվարճանքի վայրերը պետք է աշխատեն մինչև 24:00-ն, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչությունից: Վարչությունից հայտնում են, որ լուրերը կապված են վերջին շրջանում աճող բողոքների թվի հետ:

Բանն այն է, որ հատկապես Փարպեցի և Պուշկին փողոցի բնակիչները այս հարցով մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան: Սակայն, ինչպես հայտնում են քաղաքապետարանից, նման օբյեկտները կեսգիշերից հետո աշխատելու համար տեղական տուրք են վճարում և ստանում են համայնքի թույտվությունը:Սովորաբար, այդ տուրքը վճարվում է մեկ տարվա համար: PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե այդ դեպքում, ինչպես է լուծվում բողոքների հարցը, վարչությունից պատասխանել են, որ համապատասխան փաստերի առկայության դեպքում՝ սահմանված կարգով հնարավոր է՝ հաստատությանը զրկեն կեսգիշերից հետո աշխատելու հնարավորությունից: