AM
4 Փետրվար 2013 - 12:53 AMT

ԵՄ բնապահպանական պահանջները կներդրվեն Հայաստանում

Արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը բնության աղտոտման զգալի աղբյուր են հանդիսանում ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհում: Բնապահպանության հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ եվրաինտեգրման ճանապարհին դրանք առանձնակի դեր են ստանում, առավել ևս, որ դա թույլ կտա ապահովել տնտեսական աճը, պայքարել աղքատության դեմ և բազում սոցիալական հարցեր լուծել:

Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում 2013թ. հունվարի 15-ից Հայաստանում ձեռնամուխ են եղել «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ԱՀԿՀ/ IPPC ներդրման նպատակաով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» Թվինինգ ծրագրի իրականացմանը: Այսօր Երևանում մեկնարկեց ԵՄ Թվինինգ ծրագրի սեմինարը, որին մասնակցում էն շահագրգիռ կողմերը, ինչպես նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և օտարերկրյա փորձագետներ: Ծրագրի բյուջեն 1 մլն եվրո է, տևողությունը՝ 24 ամիս:

Թվինինգ ծրագրերն իրականացվում են Հայաստանում 2009թ. ի վեր: Այս մեխանիզմի նպատակն է ինստիտուցիոնալ բարեփոխումները պետական կառույցներում ԵՄ գործող չափանիշներին ու գործող մոդելներին համահունչ, ՀՀ օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ օրենսդրությանը:

Առաջին հերթին Հայաստանն աջակցություն է ակնկալում է ԱՀԿՀ իր եվրոպական գործընկերներից օրենսդրության ներդաշնակեցման, ենթակառուցվածքների բարեփոխման, վարչարարության կրճատման ոլորտներում: Դա թույլ կտա «մեկ պատուհանի» սկզբունքով ներմուծել ընկերությունների արտոնագրերի հանձնման կարգը՝ նոր գործիքների միջոցով:

Ձեռնարկություններին խիստ պահանջներ կներկայացվեն՝ կանխել բոլոր լայնածավալ աղտոտումները, վերամշակել կամ ոչնչացնել թափոնները, արդյունավետ օգտագործել էներգիան, կանխել վթարներն ու սահմանափակել վնասները, ապահովել գործունեությունից հետո տեղանքը նախկին տեսքին բերելը: