AM
5 Փետրվար 2013 - 14:06 AMT

ԼՂՀ-ում կբարելավվեն ոստիկանության աշխատողների սոցիալական և աշխատանքային պայմանները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին մասնակցել է ոստիկանության մարմինների և ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը և համակարգի պատասխանատու աշխատողներ:

Երկրի ղեկավարի գնահատականով` հաշվետու ժամանակահատվածում հանրապետության ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր:

Միևնույն ժամանակ, ըստ նախագահի, ոստիկանության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար դեռևս կան շատ անելիքներ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում առկա ներուժը և արձանագրված դրական արդյունքները հիմք են տալիս ակնկալել, որ ոստիկանությունը կարող է հաջողությամբ իրականացնել իր գործառույթները` հավելելով, որ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: