Արցախի երիտասարդությունը հանդես է եկել կոչով ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Կոչում մասնավորապես ասվում է.
«Պատմության համար 25 տարին ակնթարթ է: Առավել ևս` հայ պատմության համար: Սակայն, վերջին 25 տարին արցախահայության և ողջ հայության համար հոգևոր վերելքի, ազգային ինքնությունը վերահաստատելու, պատմության մարտահրավերները դիմագրավելու, ռազմադաշտում տարած հաղթանակի ջահը նոր սերնդին փոխանցելու քառորդ դար էր:
1988 թվականի փետրվարի 20-ին, արտահայտելով ժողովրդի կամքը, ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը ընդունեց պատմական որոշում, որով ազդարարվեց իր ճակատագիրը տնօրինելու` արցախահայության վճռականությունը:
1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախի ժողովուրդը իրացրեց ինքնորոշման իր ճանաչված իրավունքը, հաստատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն:
Մենք, որպես ժողովրդի կամարտահայտությամբ հռչակված Արցախի Հանրապետության քաղաքացիներ, հայտարարում ենք.
Արցախի ժողովրդի ինքնորոշումն անբեկանելի է:
Ինքնիշխան պետություն կերտելու և մեր պետության ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքն այլընտրանք չունի:
Մենք` Արցախի Հանրապետության երիտասարդ քաղաքացիներս, ունենք անհրաժեշտ և բավարար ներուժ` մեզ ավանդված ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու և պաշտպանելու, անկախության ձեռքբերումները բազմապատկելու համար:
Մեր հաղթական երթն անկասելի է, մեր պետականության զորացման ուղին` անշեղ»:





