Երևանի 470 ընտրատեղամասերից ընդամենը 35 են մատչելի տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացիների համար, 42–ը՝ գրեթե մատչելի:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Նա նշեց, որ թեև ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, բայց Երևանի և մարզերի տեղամասերը պատրաստ չեն քվեարկելու հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց առանց կողմնակի օգնության: Չկան շրջիկ քվեատուփեր, որոնց օգնությամբ ոչ միայն իրենք, այլև հիվանդ և ծեր մարդիկ կկարողանային օգտվել իրենց ընտրելու իրավունքից: Արդյունքում Հայաստանի շատ քաղաքացիներ կամ չեն գնում ընտրության, կամ էլ խախտվում է նրանց ընտրության գաղտնիությունը:
«Մենք ունենք հազարավոր մարդիկ, ում իրավունքները գեղեցիկ են թղթի վրա, բայց իրականությունն այլ է», – ասաց Ալավերդյանը: Ըստ նրա՝ խնդիրը նրանում է, որ բոլորը օգտագործում են «հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներ» տերմինը, բայց քչերն են հասկանում, որ դրանք նրանց իրավունքներն են:
Ալավերդյանի կարծիքով՝ թեքահարթակները ոչ բոլոր դեպքերում են դառնում խնդրի լուծում, քանի որ շատ դեպքերում դրանք ոչ միայն չեն օգնում, այլև խանգարում են: Պատճառը՝ շինարարները երբեք չեն խորհրդակցում հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
«Փարոս» հասարակական կազմակերպության ղեկավար, հաշմանդամների հարցերի ազգային հանձնաժողովի նախագահ Սուրեն Օհանյանն իր հերթին նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրացել է միայն 5 տոկոսով: Պետությունը այդ հարցում մեծ դեր չի կատարում, բարելավումներն էլ կատարում են հիմնականում հասարակական կազմակերպությունների միջոցով: Ըստ նրա` այդ խնդիրներին լուծում կտրվի միայն այն ժամանակ, երբ Ազգային ժողովում լինի, մարդ ով նստած կլինի սայլակի վրա:





