AM
18 Փետրվար 2013 - 16:56 AMT

Տիգրան Մուկուչյան. Ինչու՞ չպետք է օգտագործվի քվեատուփի նորմալ անցքը, այլ ներքևինը

Ավան վարչական շրջանի 1/06 ընտրատեղամասից Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ ՀԿ դիտորդն ահազանգել է, որ ճեղք է նկատել քվեատուփի ներքևի հատվածում: Հանձնաժողովի նախագահը ճեղքի մասին տեղեկացրել էր ԿԸՀ-ին, որտեղից էլ պատասխանել էին, որ նման թերություն ունեն բոլոր քվեատուփերը:

PanARMENIAN.Net-ի թղթակիցն այս մասին մեկնաբանություն է ստացել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:

«Դա միշտ էլ եղել է այդպես, նորություն չէ: Ոչ միայն վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ, այլև դրանից առաջ` վերջին 6-7 ընտրությունների ժամանական կիրառվել են նույն քվեատուփերը: Երբևէ որևէ խնդիր դրանց հետ կապված չի առաջացել: Այս շահարկումների հիմնական մտահոգությունն այն է, որ այդտեղից քվեթերթիկ կմտցվի:

Պետք է նկատի ունենալ, որ խոսքը հանցագործության մասին է: Եթե ինչ-որ մեկը որոշել է գնալ այդ հանցագործությանն ու եթե հաջողվի, ուրեմն դրան մասնակից է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովը, այսինքն` գործում են հանցավոր համաձայնությամբ: Այդ դեպքում անգամ անտրամաբանական է, թե ինչու չպետք է օգտագործվի քվեատուփի նորմալ անցքն, այլ ներքևինը», – ասաց Տիգրան Մուկուչյանն ու ավելացրեց, որ ցանկացած նման փորձ պատժվելու է օրենքով:

Նրա խոսքով, քվեատուփերի շուրջ հաճախ այնպիսի դատողություններ են անում, որոնք ուղղակի զարմանք են հարուցում: Դրանցից բացի` հանձնաժողովների կազմերում ընդգրկված անձիք հիմնականում նաև նախորդ ընտրությունների ժամանակ են աշխատել, վստահված անձանց մեծ մասը նաև նախկինում ունի համապատասխան փորձ: «Այնպես որ նման շահարկումներն ու հետին մտքեր որոնելը, մեղմ ասած, անընկալելի են», -ասաց Տիգրան Մուկուչյանը: