2013թ. փետրվարի 20-ին Պրահայում Հայաստանի դեսպանության, Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի և «Դիվերբիում» քաղաքացիական ընկերակցության նախագահ Պավլա Տրուհլարովայի նախաձեռնությամբ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում անցկացվեց ղարաբաղյան շարժման և Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար-կինոդիտում:
Նախ, ներածական ելույթով հանդես եկավ պարոն Բյոհնիշը: Նա նշեց, որ Չեխիան ցանկանում է բարեկամական հարաբերություններ զարգացնել հարավկովկասյան բոլոր պետությունների հետ և դա հաջողվել է այն պատճառով, որ Չեխիան հավասարակշռված դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում, որը հաստատուն է մնում անկախ ամեն ինչից։ Նա հայտնեց, որ երբեմն խորհրդարանականների դիրքորոշումները և հայտարարությունները չարաշահվում են, ինչը տեղի ունեցավ նաև երեկ, երբ ադրբեջանական մամուլը հրապարակեց հայտնի բանաձևը՝ նախքան դրա պաշտոնապես ուժի մեջ մտնելը և կոմիտեի (արտաքին հարաբերությունների կոմիտե) կողմից հրապարակելը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Այնուհետև ծավալուն ելույթ ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա նախ ներկայացրեց ղարաբաղյան շարժման սկիզբը, երբ, ի պատասխան խաղաղ ցույցերի, ադրբեջանցիներն իրականացրին Սումգայիթի ջարդերը և մի շարք այլ բռնություններ, ինչպես նաև՝ պատերազմ սկսեցին: Այս պատերազմը, որն ամենաարյունալին էր հետխորհրդային տարածքում, ունեցավ տասնյակ հազարավոր զոհեր:
Այնուհետև, դիմելով դահլիճում ներկա չեխ պատգամավորներին, ՀՀ դեսպանն անդրադարձավ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի իրադարձություններն աղավաղող միակողմանի բանաձևին: Դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում հակահայ ռասիստական և ռազմատենչ քարոզչության վրա, առանց խտրականության օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները: «Այդ քարոզչության պտուղներն այսօր, ցավոք, կարելի է ճաշակել նաև Չեխիայի Հանրապետությունում», – նշեց նա: «Որոշ պատգամավորներ, առանց հաշվի առնելու պատմական իրողություններն ու փաստերը, որի վկան է դահլիճում գտնվող ողբերգության ականատես չեխ լրագրող Դանա Մազալովան, ընդունել են ադրբեջանամետ մի հայտարարություն, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին` մի երկրի, ուր հայատյացությունը և ռասիզմը պետական քաղաքականություն են, ուր հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, ուր հերոսացվում է դաժան ոճրագործ Սաֆարովը, ուր հայկական ջարդերի մասին ճշմարտությունն ասած և համերաշխության կոչ արած հայտնի գրող Աքրամ Այլիսլիին պետական մակարդակով հալածում և պարսավում են», – շարունակեց դեսպանը:
Դեսպանի ելույթից հետո ցուցադրվեցին հատվածներ «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմից, այնուհետև՝ բուլղարացի լրագրող և հրապարակախոս Ցվետանա Պասկալևայի «Իմ սիրելի ողջեր ու զոհվածներ» ֆիլմը։ Ֆիլմի դիտմանը հաջորդեց Ցվետանա Պասկալեևայի խոսքը, որտեղ նա ներկայացրեց, թե ինչպես է հայտնվել Ղարաբաղում` նշելով, որ իրադարձությունները և ճշմարտությունը ստիպեցին մնալ Արցախում և լուսաբանել հերոսական ժողովրդի պայքարը: Պասկալևան հորդորեց պատգամավորներին որևէ որոշում ընդունելուց առաջ լավ ուսումնասիրել փաստերը: «Եթե Չեխիան ցանկանում է ապացուցել, որ չեզոք երկիր է ղարաբաղյան հակամարտությունում, նույն հանձնաժողովը պետք է սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունի», – շեշտեց վավերագիրը: Ցվետանա Պասկալևան նշեց նաև, որ ղարաբաղյան պատերազմի մասին իր վավերագրական ֆիլմերը աշխարհի քաղաքական գործիչներին ուղղված կոչեր են՝ քաղաքական ցինիզմի փոխարեն քաղաքական կամք դրսևորելու և ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Միայն դրանից հետո հայերն ու ադրբեջանցիները կկարողանան համերաշխ ապրել` իբրև լավ հարևաններ:
Այնուհետև ելույթ ունեցավ Չեխիա-Թուրքիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, պատգամավոր Վացլավ Կուբատան, ով հայտարարեց, որ կոմիտեն նպատակ չի ունեցել ընդունելու կողմերից մեկին պաշտպանող բանաձև, այլ պարզապես ցանկացել է դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները։ Նա ընդունեց, որ բանաձևն այս տեսքով իր նպատակին չի ծառայում, այն ընդունվել է հապճեպ՝ առանց պատշաճ կերպով փաստերն ուսումնասիրելու և կարիք ունի լրացուցիչ քննարկումների:
Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ նաև չեխ լրագրող Դանա Մազալովան, ով վերստին, իբրև Խոջալուի իրադարձությունների ականատես, հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը և դատապարտեց արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմնակալ հայտարարությունը:
Սեմինարին ներկա էին նաև Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, պատգամավորներ, Պրահայի հայ, հրեական և ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:





